Ընդդիմության քայլերին և, իբրև հետևանք՝ իշխանափոխության ընթացքին սրտատրոփ հետևող-սպասող մամուլի որոշ միջոցներ երկու օր է ստիպված են պարզաբանել հանրությանը, որ «Ժառանգության» առաջնորդի երեկվա հայտարարությունը ոչ մի լուրջ բան չի նշանակում:


Ինչ է պատահել որ. դիցուք երեք ընկերով որոշել են գնալ խինկալի ուտելու, ճանապարհին նրանցից մեկը միտքը փոխել է և մտածել, որ խինկալիին պետք է շաուրման նախորդի: Ի՛նչ կարիք կա սրանից պատմություն սարքել: Մանավանդ որ Եռյակի պառակտման որևէ նշան չկա: Դյումայի հայտնի հերոսներից յուրաքանչյուրն իր «բզիկներն» ուներ՝ մեկը գինի էր սիրում, մյուսը՝ լավ ուտելիք, երրորդը՝ գեղեցիկ կանանց: Բայց չէ՞ որ դա չխանգարեց, որպեսզի նրանք համատեղ ջանքերով Լոնդոնից կախազարդերը բերեն և ճիշտ ժամանակին ամրացնեն թագուհու զգեստի հարկավոր տեղին /իմա՝ իշխանափոխություն անեն/:


Չնայած սույն թերթը չի բացահայտում, թե մեր Եռյակի առաջնորդներից որին որ հրացանակրի հետ է համեմատել, թափանցիկ ակնարկից պարզ է դառնում, որ նրանցից ամենաչարաճճին, այնուամենայնիվ, «Ժառանգության» առաջնորդն է, ով փորձում է աշխուժություն մտցնել ներքաղաքական միապաղաղ առօրյայում: Ընթերցողին մնում է շաբաթ-կիրակի օրերին ինքնուրույն գուշակել, թե ում է վերապահված դ՛ Արտանյանի վճռորոշ դերը:

 

 


Տիգրան Խաչիկյան