Վերջին օրերին «Իսլամական պետության» (ԻՊ) մասնակցությամբ ամենաթեժ ռազմաճակատն է համարվում Սիրիայի հյուսիսային Հալեպի նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Այն ալ-Արաբ քաղաքը (քրդերն այն անվանում են Քուբանի) և հարակից շրջանը: Մեծամասամբ քրդերով բնակեցված շրջանի դեմ ԻՊ-ի նախաձեռնած գրոհի արդյունքում իսլամականներին հաջողվել է գրավել ավելի քան 2 տասնյակ քրդական գյուղեր և շրջապատել թուրք-սիրիական սահմանին գտնվող Այն ալ-Արաբը: ԻՊ-ի զինյալները գրոհի ընթացքում կիրառել են ծանր հրետանի, իսկ տեղի բնակչության հետ վարվել իրենց բնորոշ գործելաոճով՝ զանգվածաբար սպանելով տղամարդկանց և գերելով կանանց. սիրիացի իրենց եղբայրներին օգնության ձեռք մեկնելու փորձեր են իրականացնում անգամ Թուրքիայի քրդերը՝ ՔԲԿ-ի գլխավորությամբ:


Իսկ ամենաուշագրավն այն է, որ քրդերն իրենց անհաջողություններում մեղադրում են Թուրքիային՝ պնդելով, որ Անկարան թույլատրում է սեփական սահմանից զենքերի ազատ մատակարարումներն իսլամականներին, ինչպես նաև ևս մեկ անգամ հիշեցնում, որ նաև Թուրքիայի կողմից իսլամականներից գնված նավթի արդյունքում ձեռք բերված եկամուտների շնորհիվ է ԻՊ-ը ձեռք բերում վերոնշյալ սպառազինությունը:

 

 

Արմեն Պետրոսյան