«Իսլամական պետության» (ԻՊ) հրամանատարական կազմը շարունակում է լուրջ կորուստներ կրել: Մասնավորապես, ըստ Իրաքի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, սեպտեմբերի 11-ին Ֆալուջայում երկրի օդուժի կողմից հասցված ավիահարվածների հետևանքով սպանվել է Աբու Աբդ ալ-Ռահման ալ-Շամին, ում կառույցի շրջանակներում անվանում էին «պատերազմի նախարար»: Ծագումով սիրիացի ալ-Շամիի հետ սպանվել են նաև նրա թիկնապահներն, ոչնչացվել են նրան ուղեկցող ավտոշարասյան 6 մեքենաներ:
Վերջին 1 շաբաթվա ընթացքում, օդուժի կիրառմամբ, սա երկրորդ լուրջ հարվածն էր՝ իրականացված ԻՊ-ի դեմ: Մասնավորապես, սեպտեմբերի 4-5-ին ամերիկյան օդուժի կողմից Իրաքի Մոսուլ քաղաքի շրջակայքում կառույցի դիրքերին հասցված ավիահարվածների հետևանքով սպանվել են «Իսլամական պետության» ղեկավար կազմի առանցքային ներկայացուցիչներ՝ ղեկավարի՝ Աբու Բաքր ալ-Բաղդադիի օգնական, կառույցի երկրորդ դեմքը հանդիսացող Աբու Խաջար ալ-Սուրին, ԻՊ-ի ռազմական խորհրդի ղեկավար, պայթուցիկ սարքերի հարցերով գլխավոր փորձագետ Թալ Աֆար Աբու Ալլան:
Արմեն Պետրոսյան