Իրաքի քրդական տարածաշրջանի կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին հարցազրույց է տվել թուրքական «Միլլիյեթ» պարբերականին և խոստովանել, որ «Իսլամական պետության» զինյալներն ավելի հզոր են փեշմերգայից՝ հատկապես ի նկատի ունենալով նրանց ձեռքում գտնվող սպառազինության ու ֆինանսական միջոցները:

 

Նա նշել է, որ այդ տեսանկյունից փեշմերգան ու ծայրահեղ իսլամական զինյալներն անհամեմատելի են: Նա նաև նշել է, թե ԻՇԻՊ-ն իր հնարավորություններով, զինվորական ուսուցման (վարժեցման) ու կարգապահության մակարդակով ավելի շատ պետություն է, քան կազմակերպություն:
Բարզանիի նման խոսքերն ավելի քան տարօրինակ են, քանի որ երկար տարիներ փեշմերգան կազմավորվել ու բավական լավ սպառազինվել է ԱՄՆ-ի կողմից, ռազմական պատրաստության ու ուսուցման մեջ ներգրավված են եղել իսրայելցի, ամերիկացի, գերմանացի ու այլ հրահանգիչներ, ֆինանսական միջոցների սղություն էլ այդ հարցում չի եղել:

 

Եվ հատկապես վերջին տարիներին բավական մարտունակ ու սպառազինված բանակի իմիջ հանած փեշմերգան Բարզանիի համար ուժային առումով անհամեմատելի է դառնում իսլամիստ զինյալների հետ: Իսլամիստ զինյալների հետ փեշմերգայի լայնամասշտաբ ընդհարումն, իրոք, կարող էր փորձություն դառնալ վերջինի համար:

 

 

Լևոն Հովսեփյան