Վիճակագրությունը ցույց է տալիս, որ լրագրողի աշխատանքը ամենառիսկային և ամենավտանգավոր գործունեության տեսակներից է:


Նորագույն պատմությունը վկայում է, որ դա համաշխարհային պրոբլեմ է. Դինքը, Գոնգաձեն, Պոլիտկովսկայան, Ֆոուլին, Սոթլոֆը ... Հիշենք նաև մեր հայկական իրականության պայծառ դեմքերին՝ Վարդգես Պետրոսյան, Տիգրան Հայրապետյան, Տիգրան Նաղդալյան: Եվ ցավոք այս ցանկը եզակիների ցանկ չէ, այն ներառում է իրենց աշխատանքի և մասնագիտության հարյուրավոր, նույնիսկ հազարավոր նվիրյալների, ովքեր զոհ գնացին իրենց մասնագիտական պարտքը կատարելիս, կամ դրա արդյունքում ծնված ագրեսիայի հետևանքով:


Այսօր Լրագրողների համերաշխության միջազգային օրն է: Եվս մեկ անգամ պարտավոր ենք բարձրաձայնել լրագրողների անվտանգության, նրանց իրավունքների պաշտպանության, նրանց հանդեպ բռնությունների բացառման անհրաժեշտության մասին: Այսօր, քան երբևէ մեր երկիրն անհրաժեշտություն ունի պրոֆեսիոնալ և ազնիվ լրագրողների, ովքեր ոչ միայն ապահովում են խոսքի ազատության իրավունքի իրական ռեալիզացիան, ովքեր ոչ միայն հնարավորություն են տալիս հասարակությանը տեղեկություններ ստանալ, այլև իրենց ամենօրյա գործունեությամբ ապահովում են մեր քաղաքական, հասարակական և այլ համակարգերի իմունիտետը:


Պետության պարտականությունն է ստեղծել լրագրողական աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական, անվտանգության և բոլոր մնացած երաշխիքները: Սակայն այս հարցում՝ բացի պետական հոգածությունից, կարևոր հանգամանք է նաև լրագրողական համերաշխությունը, ինչը մասնագիտական բարձր որակի ցուցանիշ է: Ցավոք դիտարկումները փաստում են, որ միջլրագրողական համերաշխությունը դրսևորվում է միայն ճգնաժամային իրավիճակներում: Copy past-ի ժամանակաշրջանը առավել բարդացրել է լրագրողական համայնքի համերաշխությունը՝ կասկածի տակ դնելով միմյանց մասնագիտական ունակություններն ու գրագիտությունը:


Այսօր նաև Գրագիտության միջազգային օրն է: Այս երկու օրերի համընկնումը միգուցե պատահական չէ: Գրագիտությունն ի վերջո համերաշխության նախապայման է, մասնագիտական, կոնստրուկտիվ համագործակցությունը հնարավոր է միայն գրագետ, պրոֆեսիոնալ և պատասխանատու լրատվամիջոցների և լրագրողների միջև:


Շնորհավորում եմ, հարգելի լրագրողներ, ձեր մասնագիտական համերաշխության օրը: Շնորհավորում եմ նաև բոլորին գրագիտության օրվա առթիվ՝ մեզ բոլորիս ցանկանալով գրագետ, հետաքրքիր, արդիական և մտահոգ լրատվական «ստեղծագործություններ»:

 

 

Հովհաննես Մանուկյան