Ադրբեջանցի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Ալիևի հնչեցրած հայտարարություններն ուղղակի ծիծաղ են առաջացնում:


Վերջինս հայկական կողմին կրկին մեղադրել է սադրանքներ կազմակերպելու մեջ և խոսել ադրբեջանցի սպաների հերոսության մասին՝ հայտարարելով, որ «ադրբեջանցի զինվորներն արժանի պատասխան են տվել հայերին՝ պատճառելով մեծ կորուստներ», և իբր մենք՝ հայերս, «այդ հարվածից դեռ ուշքի չենք եկել, իսկ հայ հասարակության շրջանում այնպիսի խուճապ է, որ մեծ թվով մարդիկ երկրից փախչում են»: Բայց փաստերը հակառակն են ապացուցում, քանզի բազմաթիվ ապացույցներ կան , այդ թվում տեսանյութերի տեսքով, ինչպես Ադրբեջանի սահմանային գյուղերի դատարկվելու, այպես էլ ադրբեջանցի զինվորների՝ մարտի դաշտից փախչելու և նրանց լաց ու կոցի մասին: Իսկ եթե հավելենք, թե ինչպիսի վայրագություն ցուցաբերեցին նրանք սահմանը հատած հասարակ հայ գյուղացու նկատմամբ՝ ի վերջո խլելով վերջինիս կյանքը, ապա պարզ է՝ ինչ «հերոսության» մասին է խոսում Ալիևը:


Ադրբեջանի ղեկավարը, զոռ տալով երևակայությանը, չի զլացել նաև զուտ իր անձնական կարծիքը հրամցնել երիտասարդությանը առ այն, որ ներկայում Ադրբեջանի վարկանիշը միջազգային ասպարեզում հասել է գագաթնակետին և միջազգային հանրությունը հաշվի է նստում Ադրբեջանի կարծիքի հետ և նույնիսկ խորհրդակցում վերջինիս հետ տարբեր հարցերի շուրջ: Այնինչ Ալիևը չի նկատել, որ ընդամենը երկու օր առաջ ԱՄՆ պետդեպը խստորեն քննադատել էր Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունը՝ կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել երկրում մարդու հիմնարար իրավունքերի պահպանման ուղղությամբ: Բայց, որ ավելի հետաքրքրական է, նշվածին հակառակ, Ալիևն իր ելույթում փորձել է ստանձնել հայ ընդդիմադիրների դերը, այն է՝ խոսելով Հայաստանի ներքաղաքական հարցերի շուրջ՝ քննադատել է մեր երկրի իշխանություններին:


Ադրբեջանի նախագահն ադրբեջանական բանակը դասել է աշխարհի ուժեղագույն բանակների շարքին՝ կրկին իրականությունն անտեսելով, քանի որ նաև վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հայկական բանակը բոլոր դեպքերում ադրբեջանականից ուժեղ է, ու որ հաղթանակած Հայոց բանակի հայ զինվորն է հայրենիքին արժանի իսկական հերոս, և հենց դա էլ մշտական ահի մեջ է պահում հակառակորդին:
Իսկ Ալիևը կշարունակի երևակայությանը զոռ տալ, քանի դեռ սավառնում է երկնքում…

 

 

Ալիկ Էրոյանց