Մի քանի տասնյակ սոցիոլոգիական հետազոտությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ հայկական հասարակության մեջ խորանում է տարբեր սոցիալական խմբերի միջև առկա տարբերությունները: Այս տարբերությունների հիմքը ոչ միայն նյութական բարեկեցության է, այլ ավելի շուտ սոցիալական արժեքները, ամենօրյա ապրելակերպը, մտածելակերպը, ճաշակը և դիրքորոշումները:

 

Այս ամենի համակարգը սոցիոլոգ Բուրդիեն անվանում է "հաբիտուս": Ուսումնասիրելով հայկական սոցիալական իրականության քաղաքական, տնտեսական, մշակույթային և կենցաղային բնութագրիչները՝ կարելի է առանձնացնել երկու հիմնական գործոններ, որոնք պայմանավորում են հայաստանյան հասարակության հիմնական սոցիալական խմբերի դասակարգումը:

 

 

1. Հարմարվածություն-Ոչ հարմարվածություն: Հասարակությունը 1990-ականների սոցիալ-տնտեսական ճգնաժամից հետո վերապրում է սոցիալական շերտավորման նոր շրջան: Հասարակության մի ստվար մասը սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով չեն հարմարվում ստեղծվող շուկայական հարաբերություններին: Նոր սոցիալ-տնտեսական պայմանները ստեղծում են նոր սոցիալական շերտեր՝ "նոր աղքատների":Վերջինների համեմատաբար բարեկեցիկ կյանքը կտրուկ վատացել է, բայց կենսակերպը, արժեքային համակարգը և դիրքորոշումները մնացել են նույնը կամ հակասում են իրենց ներկայիս հնարավորություններին: Միևնույն ժամանակ ստեղծվեցին նոր սոցիալական խմբեր, որոնք կարողացան արագորեն հարմարվել ձևավորված հասարակական կարգերին:

 

Շուկայական հարաբերությունների շնորհիվ առավել հարմարված սոցիալական խմբերը կարողացան գերիշխող դիրք գրավել հասարակությունում՝ ստեղծելով "հաջողակ" լինելու նոր ընկալումներ: "Տուն պահող տղու" և "կարգին տղու" արխետիպերըը աստիճանաբար ավելի առաջնային դարձան խորհրդային ժամանակաշրջանում պրոպագանդվող "արժանի մարդու" և "աշխատավոր մարդու" արխետիպների համեմատ: Շուկայական համակարգի պայմաններում սկսեց գործել սոցիալ-դարվինիստական սկզբունքը. "Գոյատևում են ոչ թե առավել արժանավորները, այլ առավել հարմարվածները": Այնուամենայիվ հայ հասարակությունում "հարմարված լիելը" ուղղակիորեն չի ենթադրում "հաջողակ լինել":

 


2. Ավանդականը ընդդեմ Նորարարության: Գաղափարախոսական կոլապսի պայմաններում սոցիալական խմբերը կանգնեցին արժեքային համակարգի ընտրության խնդրի առաջ: Նոր ճգնաժամային պայմաններում հասարակության գոյատևման լուծումներից մեկը սերնդեսերունդ փոխանցվող ավանդական արժեքների կարևորումն էր.մանսավորապես՝ հարգանքը նախնիների հանդեպ, ոչ ֆորմալ և չգրված կանոններին հետևելը, ավանդական հերոսների առկայությունը, ընտանիքի շահերի գերակայությունը անձնական շահերի նկատմամբ, սոցիալական պահպանողականություն և կայունությունը:

 

Մյուս կողմից էլ մոդեռն արևմտյան մշակույթի, գլոբալականացման և հսկայական ծավալների հասնող միգրացիայի ազդեցությամբ սկսեց ձևավորվել նոր մտավորականությունը կամ ստեղծագործ կրեատիվ դասը: Այս խմբի արժեքային համակարգը, մտածելակերպը, կենցաղը ավելի շուտ նույնականանում է գլոբալ միտումների և մշակույթային փոփոխությունների հետ, նույնիսկ ավանդականը վերամիաստավորվում է որպես մոդեռնիզմի ուղղություն: Այս սոցիալական խմբերի բնորոշ գծերից են՝ անհատական շահերի գերակայությունը խմբային շահերի նկատմամբ, դեմոկրատիայի և մարդու իրավունքների առաջնայության գաղափարը, բազմակարծության կարևորումը, ծայրահեղ անհատապաշտությունը:

 


Համաձայն վերոնշյալ երկու հակադրությունների կարելի է առանձնացնել 5 հիմնական սոցիալական խմբերը:

1."Կարոտողներ": Լինելով ավանդապաշտ չեն կարողանում հարմարվել առկա սոցիալ-մշակույթային և սոցիալ-տնտեսական պայմաններին: Նրանցից շատերը արտագաղթում են հիմնականում տնտեսական պատճառներով: Հիմանական առանձնահատկությունը անցյալի իդեալականացումն է: Ընդ որում իդեալականացվում է ոչ միայն խորհրդային ժամանակաշրջանը այլ հաճախ նաև անկախության վաղ շրջանը: Այս խմբի քաղաքական հայացքների հիմնական առանցքը ուժեղ իշխանության հաստատում և պետության դերի ուժեղացումը:

 

Այս խմբի ներկայացուցիչները պետական իշխանությանը համարում են իրենց և պետության բոլոր խնդիրների պատասխանատուն: Հաճախ որպես վարքային մոդել ընտրում են իրականությունից փախուստը: Սոցիալական փախուստի առավել տարածված տարբերակը արտագաղթն է: Մշակույթային տեսանկյունից մերժում են ժամանակակից ստեղծագործությունների մեծամասնությունը՝ ի հակադրություն անցյալ "դասական" ստեղծագործությունների: Չնայած ընդդիմադիր և բողոքական տրամադրությունների, այնուամենայիվ հակված չեն ակտիվ քաղաքական պայքարի, որը պայմանավորված է 1990-ականների սկզբերին և մասամբ 1996-2008թթ ձևավորված քաղաքական հիասթափությամբ: Կազմում են բնակչության 30-35%-ը:

 


2."Կարգին տղա": Լինելով ավանդապաշտ լիովին հարմարվել են ներկա սոցիալական պայմաններին: Որպես կանուն, ունեն կայուն եկամուտ և սոցիալական կապեր: Առանցքային գիծը սեփական ընտանիքի և սոցիալական միջավայրի բացարձակ արժեվորումն է: Ավանդականությունը երբեմն հասնում է ծայրահեղականության և անհանդուրժողականության աստիճանի: Կտրուկ սոցիալ-մշակույթային փոփոխությունների մեջ տեսնում են սեփական ինքնության վտանգ: Մեծ հաշվով այս խումբը հայկական հասարակության հիմնական արժեքային կայունարարն է: Չնայած "ագրեսիվ" պահպանողականությանը՝ այն այնուամենայիվ նպաստում է հասարակական կայունությանը' պահպանելով "ճիշտ և սխալ" վարքային մոդելների, կենսակերպի և դիրքորոշումների սահմանները:

 

Քաղաքական հայացքները ավելի շուտ դեմոկրատական են, բայց արդարացվում են նեղ խմբային և ոչ ֆորմալ քաղաքական հարաբերությունները, որոնք բերում են կլանային շահերի առաջխաղացմանը: Հստակ տարբերակում են "մերոնց" և "ուրիշների" խմբակային շահերը: Հաճախ անդեմ հասարակական շահը ստորադասում են սեփական խմբային շահին, քանի որ հասարակությունը առաջին հերթին նույնականացվում է սեփական սոցիալական խմբի հետ: Տնտեսական գործունեության տեսանկյունից կարող են ունենալ անձնական մակարդակում իռացիոնալ վարք, բայց իրենց սեփական արժեքային տեսանկյունից, իրենց վարքը ռացիոնալականացված է: Մեծ հաշվով ունեն ներքին պատասխանատվության զգացում, որը պայմանավորված է "ընտանիքի կերակրողի" սոցիալական դերի ընդունմամբ: Արտագաղթում են բացառապես տնտեսական նպատակներով: Կազմում են բնակչության 25-30%-ը:

 


3.Նոր բուրժուաներ: Հայկական բուրժուազիան իր մտածելակերպով և արժեքային համակարգով առավելագույնս հարմարվել է առկա սոցիալ-տնտեսական իրավիճակին և խաղի չգրանցված կանոններին: Հայկական նոր բուրժուազիայի ապրելակերպը շատ քիչ բանով է տարբերվում արևմտյան միջին ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացու ապրելակերպից՝ հանգիստ միջազգային հանգստավայրերում, շքեղ մեքենաներ, վերանորոգված բնակարան կամ բնակարաններ: Ընդ որում նոր բուրժուազիան ոչ թե կապիտալիզմի ծնունդ է, այլ վարչական ապարատի տրամաբանական արդյունք: Չնայած որ բուրժուազիայի հիմնական կապիտալները այս կամ այն չափով կապված են պետական-վարչական ռեսուրսների հետ, այնուահանդերձ նոր բուրժուազիան մեծամասամբ ապաքաղաքականացված է:

 

Այս սոցիալական խմբին անհրաժեշտ է քաղաքական և տնտեսական կայունություն, այդ իսկ պատճառով երկրի քաղաքական կուրսի փոփոխությունը առաջին հերթին դիտարկում են անձնական շահի տեսանկյունից: Այս սոցիալական խումբը ուղենիշային է մնացած սոցիալական խմբերի համար՝ այն շուկայական հարաբերությունների գաղափարախոսական Success story-ն է: Մշակույթային տեսանկյունից ներ բուրժուազիան միատարր չէ, այնուամենայիվ ձևավորվում է ոչ մասսայական մշակույթի երկրպագություն: Հետաքրքրական է, որ հաճախ համընկնում են սոցիալապես առավել "օտարված" և առավել "հարմարված" սոցիալական խմբերի ճաշակները: Բնակչության 5-10%-ն են:

 


4.Կեղծ բուրժուաներ: Այս սոցիալական խումբը առավել նորարականն է և ակտիվորեն հակադրվում ավանդական արժեքներին: Նրանց նորարարությունը կայանում է ավանդականության ժխտման մեջ: Ամեն մի նորամուծություն դիտարկվում է որպես հաղթանակ "անցյալի" նկատմամբ: Իրենc ընկալում են որպես ալտերբուրժուազիա, փորձում է կրկնօրինակել բուրժուազիայի վարքը, սովորույթները և ապրելակերպի որոշ տարրերը: Այս վարքի կրկնօրինակումը բերում է ձևական և ցուցադրական սպառման:

 

Հաճախ կարելի է լսել. "Մենք առևտուր ենք անում միայն Դալմայից", ինչը առաջին հերթին գնահատվում է որպես սեփական կարգավիճակի ցուցադրում: Բրենդների նկատմամբ ծայրահեղ "ուշադրությունը", տեխնոլոգիական նորույթների և հեռախոսների պարբերական "թարմացումները" այս սոցիալական խմբի առանձնահատկություններից են: Մյուս կողմից խիստ խեղաթյուրվում է "առաջադեմ" և "հետամնաց" կատերգորիաների ընկալումը: Օրինակ գերմանական թերթերից մեկում նշված էր մի հայ երիտասարդի մասին, ով պատրաստվում էր արտագաղթել Ֆրանսիա:

 

Նրա կողմից արտագաղթի հիմնավորումներից մեկ այն էր, որ "Հայաստանը մի երկիր է, որտեղ նույնիսկ Մակդոնալդս չկա": Այս սոցիալական խմբի հիմնական առանձնահատկությունն այն է, որ նրանք ընդհանուր առմամբ կողմ չեն սոցիալական համակարգի փոփոխությանը, բայց միևնույն ժամանակ իրենց համարում են առկա համակարգի զոհեր: Ենթագիտակցորեն ցանկանում են դառնալ բուրժուա, բայց միևնույն ժամանակ իրենց հիմնական խնդիրների և ձախողումների պատճառը դիտարկում են հենց բուրժուազաիային:

 

Քաղաքականապես առավել ակտիվ և երիտասարդ խումբ են, ունեն առավել ստեղծագործական ներուժը: Կեղծ բուրժուաները սոցիալ-մշակույթային առումով իրենց հակադրում են "լավ տղաներին" ("Քյառթուներ") և "Կարոտողներին" ("սովետ"): Սեփական ցանկացած առաջարկ կամ գործողություն գնահատում են որպես հեղափոխություն, բայց "հեղափոխականության" ահեղացված ընկալումը վերջիվերջո կարող է բերել մարգինալացանը կամ այլ խմբերի մեջ տարրալուծմանը: Կազմում են բնակչության մոտ 10%-ը:

 


5.Անտարբերներ: Սրանք առավել ապաքաղաքականացված և իներտ խումբն են: Նրանց ապրելակերպը չի փոխվում սոցիալական հեղափոխությունների, ճգնաժամների կամ վերելքների ժամանակ: Աշխարհընկալումը շահմանափակված է առօրյա հոգսերի և խնդիրների հաղթահարմամբ: Այս սոցիալական խմբի ներկայացուցիչները չեն հետաքրքրվում սոցիալական, քաղաքական և մշակույթային դիսկուրսներով: Նրանք ապրում են իրենց սեփական սոցիալական տարածության և ժամանակի մեջ: Որպես կանոն սրանք այն անձինք են որոնք մերժում են այլ սոցիալական խմբերի վարքային մոդելները կամ այդ մոդելները չեն համապատասխանում նրանց առօյա կենսակերպին: Կազմում են բնակչության 20-25%-ը:

 

 

Քաղաքական կամ մարքեթինգային ցանկացած ռազմավարության կազմելու ընթացքում նպատակահարմար է հասկանալ և վերլուծել այս բոլոր խմբերի դիրքորոշումները և վերաբերմունքը: Միևնույն գործողությունը կարող է ծայրահեղ տարբեր արձագանքի բերել տարբեր սոցիալական խմբերի կողմից:

 

 

Վահե Գալստյան