Վերջերս որոշեցի փնտրել հայրենական նորմալ արտադրանք, զուտ հետաքրքրության համար, երբ լսեցի, որ մեր երկրում դեռ ինչ-որ բան են արտադրում, բացի օրվա հացից ու սիգարետից: Լսել էի հայկական ջինսերի մասին, գնացի, գտա, գնեցի թուրքա-չինականից երկու անգամ էժան ջինս, որ կարել են Հայաստանում, ցավոք հումքը ներմուծվում է: Կարը հրաշալի է արված, իսկ կտորի որակը թուրքա-չինականից, որ վաճառվում է կրկնակի թանկ, շատ ավելի լավն է և դիմացկուն: Փորձ առաջին, գնեցի հայկական ջինս և տեսա, որ բարի է:

 

 

Մազերի թեփի դեմ օգտագործել եմ տարբեր շամպուններ, սակայն դրանք որևէ արդյունք չեն տվել: Խորհուրդ տվեցին մի շամպուն, գնացի դեղատուն, հարցրեցի, ասացին չկա, բայց փոխարենը առաջարկեցին մի հայկական շամպուն, ավելի մատչելի, քան մնացածը: Ասեցի լավ, տվեք փորձեմ, հետաքրքիր է: Այդ շամպունով երկու անգամ լվանալուց հետո միանգամից զգացվեց էֆֆեկտը, երևի մի 90 տոկոսով վերացավ ընդամենը երկու անգամ լվանալուց հետո: Անկեղծ եմ ասում, հաճելիորեն զարմացած եմ: Փորձ երկրորդ, գնեցի հայկական շամպուն և տեսա, որ բարի է:

Փնտրում եմ հայկական այլ ապրանքներ՝ հասկանալու, թե այս պահին մինչև ուր են հասել մեր այդ իսկապես խիզախ արտադրողները, որոնք ներմուծվող ապրանքների հետ դաժան մրցակցության պայմաններում, այնուամենայնիվ, արտադրում են ու լավ են արտադրում:

 

 

Հարց է առաջանում, թե ինչու շատերը չգիտեն այդ մասին և գնում են կրկնակի,եռակի թանկ վաճառվող ներմուծված արտադրանք, երբ, փաստորեն, կա դրանից շատ ավելի լավ հայկական տարբերակը: Ստացվում է, որ նման գնով նման որակի արտադրանք ստեղծելու հսկայական ռեսուրս ունենք, բայց լուրջ, մասշտաբային արտադրության հնարավորություն չենք գտնում կամ «զահլա չունենք», «չլնող բանա»:

 

 

Իսկապես աններելի է, հայրենական արտադրության ոտքի կանգնելու սկզբնական փուլում պետության կողմից արտոնություններ ու անհրաժեշտ պայմաններ ապահովելը անհրաժեշտություն է: Հետո նոր արտադրանքի մասշտաբի մեծացմանը զուգահեռ արժի սկսել փողերը հավաքել, իսկ ներմուծողին, եթե նման դրությունը դուր չգա, հարկադրել ուղղակի սսկվել, բավական է կիրառել նույն հարկային մահակը, խելոք կադապտացվի: Հայրենական արտադրանքը ցանկացած գնով պետք է խրախուսել, լայնամասշտաբ ձևով պետք է խրախուսել, բոլոր ուղղություններով, այլապես իրոք ամոթ է:

 

 

Այդ առումով խնդիրը շոշափելի է դառնում, երբ ստեղծվում են արտաքին նպաստավոր պայմաններ սեփական արտադրանքն արտահանելու, պարզվում է բան չունես արտահանելու: Երբ մտնում ես որևէ տնտեսական արտաքին փոխգործակցության մեջ, առևտրային, մաքսային միություններ, պարզվում է, որ այդ շուկաներից օգտվելու հնարավորություն ունենալով չես կարողանում օգտվել: Նորմալ բանակ և հուսալի պաշտպանություն ստեղծելուց հետո գերակա պետք է լինի հայրենական արտադրությունը: Ինչպե՞ս դա անել: Ցանկացած ձևով:

 

 

Տիգրան Խաչատրյան