Արժանապատվություն, ըստ Պարույր Սեվակի՝

«Մենք իրավունք չունենք ուշանալ պատմության գնացքից կամ օդանավից:
Մենք պարտավոր ենք շահել շախմատային մեր այն խաղը, որ սկսել ենք ոչ թե մենք, այլ Մեսրոպ Մաշտոցը…
Այստեղ է ահա, որ ես պիտի դառնամ ազգային արժանապատվության հարցին և այստեղ է, որ ես բաց ճակատով և լեցուն հպարտությամբ պիտի վկայեմ, որ ես հայ եմ' զավակը մի ժողովրդի, որ իրոք շատ բան է տվել աշխարհի քաղաքակրթությանը և տվածի մեջ էլ' ինձ համար ամենաթանկն ու ամենագեղեցիկը' իր այլասիրական այն ոգին, որ եվրոպացիք ալտրուիզմ են կոչում, իսկ մեր երկրում գերադասելի է կոչել «ինտերնացիոնալիզմ»: Եվ իսկապես էլ աշխարհի բոլոր ժողովուրդների շարքում մենք թերևս այն հազվագյուտ ժողովուրդն ենք, որ դաժան բախտի և աննախանձելի վիճակի հասանք գուցե այն պատճառով, որ կարգին չսովորեցինք ատելու ըստ երևույթին շատ անհրաժեշտ գիտությունը:

 


Բայց մենք այսօր կարող ենք հպարտանալ հենց դրանով. ոչ մի ազգ ու ցեղ չի կարող մեզ հանդիմանել որևէ մեկի տունը քանդելու, որևէ մեկի գերեզմանոցը զբոսայգի դարձնելու, որևէ մեկին դավանափոխելու, որևէ մեկին բռնի ձուլելու հանցանքի մեջ: Հիմա դժվար է հաշվել մեր կորստի և շահածի տարբերությունը: Շահել ենք բարի անուն, այլասեր կոչվելու հպարտություն, բացճակատ ապրելու եզակի հնարավորություն, բայց կորցրել ենք… Թույլ տվեք չթվարկել, թե ինչե՜ր ենք կորցրել: Թույլ տվեք ընդամենը վերահաստատել, որ դարձել ենք շա՛տ-շա՛տ-շա՜տ վիրավոր, վիրավոր հոգով ու հողով:

 

Եվ եթե Մայակովսկին ասում էր' հրդեհվող սրտի վրա կելնեն քնքշանքով և ոչ թե հրշեջային կոպիտ սապոգներով, ապա դա ասված է ամենից առաջ հենց մե՛ր ժողովրդի մասին: Եվ եթե ամեն մարդ ունի իր արժանապատվությունը, ապա ամեն ազգ ունի կրկնակի: Իսկ վիրավոր ազգը, ինչպիսին մենք ենք' քառակի: Ըստ որում ես կոչ եմ անում ոչ թե հոգեբանական ըմբռնումի, այլ արդարության մի պահանջի, որ պետք է պարտադիր լինի եթե ոչ ամեն մի քաղաքագետի, ապա ամեն մի արվեստագետի համար:»….

 

 

Պարույր Սևակ

 

 

Անժելա Բարսեղյան