Օսմանյան պալատի հարեմը գտնվում էր այսպես կոչված «սեւ ներքինիների» աչալուրջ հսկողության տակ: Հարեմի ղեկավարը կոչվում էր «կզլար աղասը» կամ ղզլարաղա, այսինքն՝ «աղջիկների տեր»: Նա ոչ միայն լիիշխան տնօրինում էր հարեմի կյանքը, այլ վարում էր սուլթանի գանձատան գործառույթները: Օսմանյան արքունիքում ապրում էին հարյուրավոր ներքինիներ։ Հարկադիր ամորձատումից հետո շատերը մահանում էին արյան կորստից ու հակասանիտարական պայմաններում իրականացված վիրահատությունից, շատերն էլ ձեռք էին բերում անբուժելի հիվանդություններ:

 

Պատահում էր, որ չէին դիմանում ցավին եւ խելագարվում էին։ Ներքինիների մարմինը տարիների ընթացքում գիրանում էր, ձայնը՝ դառնում կանացի, բնավորությամբ նույնպես նմանվում էին կանանց։ Ներքինիներ պահելու սովորույթը Թուրքիա ներթափանցեց Բյուզանդիայից։ Թուրքական հարեմում ներքինիներ հայտնվեցին XV դարում՝ Մեհմեդ Բ Ֆաթիհ (Նվաճող) սուլթանի ժամանակներում։ Սկզբում հարեմը հսկում էին սպիտակամորթ ներքինիները: Թուրքերը, արաբներն ու առհասարակ իսլամադավանները չէին կարող լինել ներքինի, քանի որ մահմեդականների ամորձատումն արգելված էր Ղուրանով։

 

Երբ սուլթան Մուրադ Գ-ն ներքինի կարգեց հաբեշ Մեհմեդին, այնուհետ չգրված օրենք դարձավ ներքինիներ ընտրել եթովպացիներից։ Պարզվեց, որ սպիտակամորթներն ավելի ծանր են տանում ամորձատումը, քան թխամաշկներն ու սեւամորթները։ Հարեմ մտնելով՝ ներքինիները ստանում էին նոր անուն: Որպես կանոն նրանց տրվում էին ծաղիկների անուններ։ Ներքինիները, ինչպես եւ հարեմի բոլոր սպասավորները, ունեին իրենց աստիճանակարգն ու պարտականությունները։ Նրանք սուլթանի գանձարանի, նրա կանանց եւ, ամենագլխավորը, հարեմի գաղտնիքների պահապաններն էին, որոնցից հաճախ կախված էր շատերի կյանքը։

 

Ոմանք զբաղվում էին թագաժառանգների կրթության ու դաստիարակության հարցերով: Ստանում էին բարձր աշխատավարձ եւ առանձին տարեկան վճար։ Դրան գումարվող էական հավելում էին նաեւ ընծաները եւ, բացի այդ, ունեին եկամտի այլ աղբյուրներ. ստեղծում էին հատուկ առեւտրական ընկերություններ՝ սահմանելով հարեմին անհրաժեշտ ապրանքների ու թանկարժեք իրերի գները, վաճառականներից ապրանքը գնում էին եւ վերավաճառում հարեմի բնակիչներին։ Ասվեց, որ նրանց կարիերայի բարձրակետը՝ ղզլարաղայի պաշտոնն էր։ Նա պալատական պահակախմբի գլխավոր հրամանատարն էր: Սուլթանին որեւէ հարցով դիմել ու նրա հետ հանդիպել ցանկացող կանայք դա կարող էին գլուխ բերել ղզլարաղայի միջոցով, ինչը, հաշվի առնելով ընծաներ շնորհելու սովորույթը, աներեւակայելիորեն հարստացնում էր վերջինիս։

 

Ղզլարաղային էր պատկանում նաեւ տիրակալի՝ տարբեր անձանց հետ հանդիպումներ կազմակերպելու իրավունքը: Այս պաշտոնյան կայսրության ամենահարուստ մարդկանցից մեկն էր, որն ուներ բավական մեծ իշխանություն եւ վայելում էր սուլթանի վստահությունը: Սուլթանի վրա ազդեցություն ունենալու համար միմյանց դեմ պայքարող խմբավորումները ձգտում էին ապահովել ղզլարաղայի աջակցությունը: Քանի-քանի մեծ վեզիրներ իրենց նշանակման համար պարտական են եղել «աղջիկների տիրոջը»:

 

Սուլթանի մայրը՝ «վալիդե սուլթանը», հարեմի կառավարման գործում սերտորեն համագործակցում էր ղզլարաղայի հետ եւ այս երկու նշանավոր դեմքերի համագործակցությունը հարեմը հաճախ վերածում էր քաղաքական խարդավանքների կենտրոնի: Նրանց կաշառելով, ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաները, այլեւ օտարերկյա դեսպանները կարող էին հասնել ցանկալի խնդիրների լուծմանը: