Ցանկացած հայի աշխարհի որ անկյունը գցես, ցանկացած իրավիճակում կկողմնորոշվի, գլխի ճարը կգտնի ու ջրից չոր դուրս կգա: Շարունակ գոյության համար տված կռիվը վարժեցրել է նրան այդ «գործում», այդ հատկությունը սերնդե-սերունդ փոխանցվել է նրանց զավակներին: Այսօր, ինչպես երբեք, լավագույնս երևում է աշխարհով մեկ ցիր ու ցան եղած, մաքառող հայ մարդու այդ հատկանիշը:

 

 

Սակայն դարեր շարունակ լինելով պետականազուրկ ժողովուրդ, աշխարհասփյուռ հայերս անհատապես կողմնորողման ու գոյության խնդիրներ լուծելով, ի սպառ ետ ենք վարժվել, նույնիսկ կորցրել ենք երբեմնի ունեցած հավաքական կողմնորոշման, հավաքական գոյատևման, էլ չենք խոսում զարգացման հատկանիշները:

 

 

Անհատի գոյատևման շնորհքը, որքան էլ որ հնարավորություն է տվել մեզ պետականազուրկ կարգավիճակում, որպես ժողովուրդ ֆիզիկապես պահպանել մեր գոյությունն առ այսօր ու փրկվել մեռած ազգերի շարքերը համալրելուց, միևնույնն է օրերից մի օր իրեն սպառելու է: Հիմա, մենք այս կեղծ պետականությամբ, այս ստրկապետությամբ, շատ մոտ ենք կանգնած այդ տխուր օրվան: Աշխարհի բոլոր անցքերում ծվարած, լոկ գոյության խնդիր լուծող յուրաքանչյուր հայ, ամեն վարկեան իր մաշկի վրա զգում է այդ վտանգը:

 

 

Սա պատմության տված վերջին շանսն է, կամ ազգովի, հավաքականորեն կսովորենք կողմնորողվել այս մեծ աշխարհում, կհասկանանք մեր խերն ու շառը, կտարբերենք մեր թշնամիներին ու բարեկամներին կամ կանցնենք կգնանք, այդպես էլ մարդկության այդ կարևոր «դասը» չսերտած, պատմության արխիվներում տեղ գտած մյուս ազգերի շարքը:

 

 

Արմեն Զատիկյան