Ք.ա. 390թ. հունիսի 18-ը Հռոմի պատմության սեւ օրերից էր: Տիբերի Ալլիա վտակի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հռոմեական բանակը խայտառակ պարտություն կրեց գալլերից: Զինվորները Հռոմ ճողոպրեցին՝ սարսափից մոռանալով անգամ քաղաքի դարպասները փակել, սակայն գալլերը սիրտ չարեցին քաղաք մտնել՝ կարծելով, թե հռոմեացիները դարան են պատրաստել: Դրանից օգտվելով՝ Հռոմից շատերը հեռացան, մնացած բնակչությունը հավաքվեց Կապիտոլիում բլրի վրա:

 

Ծերակույտի անդամները՝ թվով հարյուր հոգի, չկարողանալով հաղթահարել բնակչության ու զորքի խուճապը, դուրս եկան ֆորում, տոնական զգեստներով, որպես երկրի տերեր, հպարտ բազմեցին իրենց փղոսկրյա աթոռներին եւ հանգիստ սպասեցին դեպքերի հետագա ընթացքին: Գալլերն անարգել մտնելով Հռոմ հասան ֆորում եւ կանգ առան բազկաթոռներին բազմած, երկար մականներ բռնած ծերունիների անվրդով տեսքից ապշահար: Սկզբից կարծեցին, թե երկնային էակներ են, ապա գալլերից մեկը վճռեց փորձել՝ ո՞ղջ են նրանք, թե՞ արձաններ:

 

 

Նա մոտեցավ սենատոր Մարկոս Պապիրիոսին, ձեռքը երկարեց նրա կզակին, հետո, սիրտ առնելով, ձգեց երկար մորուքը: Ծերունին մականով հարվածեց նրա գլխին: Կատաղած գալլը հանեց սուրը եւ խողխողեց ծերունուն: Անհավասար պայքար սկսվեց գալլերի ու ծերունիների միջեւ: Անհավասար պայքարում «Հայրենիքի հայրերը» նահատակվեցին: Կապիտոլիումում հավաքված եւ հանձնվելու մտադրություն ունեցող զորքն ու ժողովուրդը որոշեց կռվել: Վախին ու սարսափին փոխարինեց քաջությունն ու հայրենիքն ազատագրելու վճռականությունը: