Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի որոշմամբ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը, ինչպես նաև հայտնի երգիչներ Վալերիան ու Օլեգ Գազմանովը ներառվել են Լատվիայի արտգործնախարարության սև ցուցակում, որի հետևանքով նրանց անորոշ ժամանակով արգելվում է մուտք գործել Լատվիայի տարածք: Նախարարությունը հայտարարել է, որ այդ որոշումը կապված է Ղրիմյան իրադարձությունների հետ:

 

Հուլիսի 22-ին մեկնարկում է ավանդաբար Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» ամենամյա երաժշտական մրցույթ-փառատոնը, որին պիտի մասնակցեին նշված արտիստները, իսկ հուլիսի 23-ին փառատոնի շրջանակներում պիտի կայանար Իոսիֆ Կոբզոնի ստեղծագործական երեկոն: Մրցույթի կազմակերպիչները, ի դեմս տնօրեն Ալեքսանդր Ռումյանցևի, հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալուց կամ հայտարարություն անելուց՝ խոստանալով դա անել հետագայում: Ըստ Լատվիայի ԱԳ նախարարի, եթե երգիչներն արդեն իսկ գտնվում են Լատվիայում, ապա անհապաղ պետք է լքեն երկրի տարածքը: Նա, սակայն, ընդգծեց, որ ձերբակալություն և հարկադիր վտարում չի կատարվելու:

 

Նախարարի կարծիքով, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված փառատոնի անցկացումն այս տարի նպատակահարմար չէր: Այդ կարծիքը կիսում է նաև երկրի մշակույթի նախարարը: Ավելին, ըստ նրանց, այդ արտիստները «ագրեսիվ» կերպով սատարել են Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին և քննադատել են խոսել Ուկրաինայի իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը:

 

Նշենք, որ նման պատմությունները կրկնվելու բնույթ ունեն: Մասնավորապես, Իոսիֆ կոբզոնին Լատվիայում 2003թ. արդեն հայտարարել են անցանկալի անձ և այդ պատճառով չկարողացավ մասնակցել այդ տարվա «Նոր ալիքին»: Իսկ Օլեգ Գազմանովը հարուցեց հարևան Լիտվայի իշխանությունների զայրույթը՝ Վիլնյուսում կայացած իր համերգում կատարելով իր իսկ հեղինակած «Сделан в СССР» երգը:

 

Ըստ Լիտվայի ԱԳՆ-ի, այդ երգում «բորբոքվում է ազգամիջյան թշնամանք և դրսևորվում է անհարգալից վերաբերմունք Լիտավյի պատմության նկատմամբ»: Եվրոպացիները հակված են տեղի-անտեղի հայտարարելու, որ մշակույթը չպետք է քաղաքականացվի, սակայն մերձբալթյան երկրների իշխանությունների պահվածքը այդ դիրքորոշման դեկլարատիվ լինելու հստակ ապացույց է: Հավանաբար, այդ որոշումներն ընդունողները մոռացել են, որ իրենք էլ են «Сделаны в СССР»: Նա, ով քար է նետում իր անցյալի վրա, պիտի պատրաստ լինի հարվածներ ստանալ ապագայից:

 

 

Գոռ Սաղաթելյան