Իրաքում և Սիրիայում ընդարձակ տարածքներ վերահսկող նախկինում «Իրաքի և Շամի իսլամական պետություն», ներկայում՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումը, որը վերջերս ինքնահռչակվել է որպես խալիֆայություն, լուրջ հաջողություններ է գրանցում երկու ճակատներում միաժամանակ, ինչը կառույցին ֆինանսական նոր հոսքեր ձեռք բերելու նոր նախադրյալներ է ստեղծում:

 

Եթե Իրաքի արևմտյան և հյուսիսային որոշ շրջաններում՝ հատկապես երկրի երկրորդ քաղաքում վերահսկողություն սահմանելուց հետո կազմակերպության բյուջեն համալրվեց մոտ 430 մլն ամերիկյան դոլարով և, համաձայն որոշ աղբյուրների, նրա ֆինանսական հաշվեկշիռը հասավ շուրջ 2 մլրդ դոլարի, ապա, վերոնշյալի տեսանկյունից, վերջին օրերին ԻՊ-ը լրջագույն ձեռքբերում ունեցավ նաև Սիրիայում:

 


Այսպես, կազմակերպության զինյալներին հաջողվել է իրենց վերահսկողությունը սահմանել Իրաքին սահմանակից սիրիական կարևորագույն նավթահանքերից մեկի՝ Ալ-Օմարի վրա: Ընդ որում, ԻՊ-ը նավթահանքը գրավել է Սիրիայում «ալ-Կաիդայի» թևավորումը հանդիսացող «Նուսրայի ճակատ» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության զինյալներից, ովքեր, իրենց հերթին, այն զավթել էին սիրիական բանակից դեռևս 2013 թ. նոյեմբերին. ի դեպ, այս նավթահանքից արդյունահանվում էր օրական 10 հազար բարել նավթ:

 


Բնական է, որ նաև նման հաջողություններն առավել գայթակղիչ կդարձնեն նորաստեղծ խալիֆայությունը նյութական կարիք ունեցող հազարավոր մուսուլմանների համար, այդ թվում նաև՝ ՀՀ հարևան պետություններից:

 

 

Արմեն Պետրոսյան