Վաղուց էի ուզում գրել մի «բառի» մասին, որի դեմ պայքարում եմ: Իսկ գիտե՞ք՝ որ բառն է. ոչ ավել, ոչ պակաս «մերսի»: Իհարկե ես կողմ եմ, որ մարդիկ միշտ երախտագետ լինեն ու երախտագիտության խոսքեր ասեն (ոչ թե երախտիքի), բայց, միևնույնն է, այս բառը մի տեսակ ծակում է ականջս: Ինչպես գիտենք ֆրանսերենից մեր լեզվին անցած այս բառը, որ վաղուց ի վեր հնչում է հայկական առոգանությամբ ու «հայացվել» է, կարելի է լսել ամենուր, բոլորի շուրթերից: Բայց մի՞թե մեր «շնորհակալություն»-ը կամ «շնորհակալ եմ»-ը չեն կարող փոխարինել այս օտարաշունչ բառին, որի մեջ, անկեղծ ասած, ես նույնիսկ զգացմունք չեմ տեսնում (իսկ ես բառերը ոչ թե արտասանում եմ, այլ զգում): Հիմա շատերը կմտածեն՝ «դե բառ է, ասում ենք էլի, ինչու՞ եք քննարկում կամ քննադատում»: Բայց դե փոքրից պետք է սկսել, որպեսզի հասնենք մեծ փոփոխությունների, հարգելինե'ր: Ես՝ որպես լեզվաբան, հավատացնում եմ, եթե մի որոշ ժամանակ աշխատեք այս բառը «թարգելու» ուղղությամբ, վստահ եղե'ք՝ կարճ ժամանակ անց «շնորհակալություն»-ը այնպես հիմնավոր արմատ կձգի ձեր մեջ, որ չեք էլ զգա անցումը, ու դրանից հետո ձեր շնորհակալական խոսքը կհնչի ավելի կիրթ, ավելի անկեղծ:
Ինձ համար «մերսի» բառը «մերսել» բայի հրամայականի խոսակացականի ձև է, այսինքն, եթե դուք ինձ ասում եք «մերսի», կնշանակե՝ առաջարկում եք ես ձեզ մերսում (մասաժ) անել, բայց վասնզի դա մի քիչ անպարկեշտ կհնչի, ուրեմն ավելի լավ է «շառ ու փորձանքից» հեռու ասեք՝ «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»:
Շնորհակալությու'ն, որ մինչև վերջ կարդացիք:

 

 

Արսեն Վարդանյան