Ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի սպասուհիներից մեկը՝ Էլիզաբեթ Կալհամերը, ով աշխատել է ֆյուրերի Բերգհոֆյան առանձնատանը, 71 տարվա լռությունից հետո ուշագրավ բացահայտումներ է արել բռնապետի կյանքի ու նախասիրությունների վերաբերյալ։
Նախկին սպասուհին պատմել է, որ Հիտլերը շատ խիստ դիետա է պահել՝ խմելով բացառապես գոլ ջուր ու խուսափելով հաճախակի սնվելուց։ Սակայն կար մի բան, որ Հիտլերն ամեն օր պարտադիր ուտում էր՝ դա հատուկ իր համար պատրաստվող «Ֆյուրերի թխվածքն էր»՝ խնձորով, ընկույզով ու չամչով։
«Բերգհոֆի բոլոր աղախինները լավ գիտեին, որ Հիտլերը խնդիրներ ունի փայծաղի հետ, ուստի բոլոր կերակրատեսակները պատրաստվում էին հատուկ բաղադրատոմսերով։ Ֆյուրերը հայտնի քաղցրակեր էր, ուստի գիշերները նա մտնում էր խոհանոց ու դարակները տեղը տեղին քչփորելուց հետո սնվում էր տարբեր տեսակի շոկոլադներով»,- վերհիշել է 89-ամյա կինը։
Նրա խոսքով՝ «Ֆյուրերի թխվածքն» ամեն օր պատրաստվում էր ու դրվում խոհանոցում, իսկ գիշերը, երբ բոլորը քնած էին, Հիտլերը, «չարաճճի աշակերտի» պես, գալիս էր խոհանոց ու վայելում սիրած քաղցրավենիքը։
Կալհամերի խոսքով՝ Հիտլերի տունը միշտ լի էր հյուրերով, որոնց թվում անպակաս էր նրա սիրուհին՝ Եվա Բրաունը։
Տարեց կինը նաև պատմել է, որ նախկինում երբեք չի խոսել Հիտլերի տանն աշխատած տարիների մասին, քանի որ խստագույնս պատժվելու վախը տևական ժամանակ նրա սրտում էր։

 

Ռաֆայել Մնացականյան