Քեսաբի դեպքերից հետո՝ քաջնազարությունը նորանոր դրսևորումներ ունեցավ, ոմանք անգամ առաջարկեցին ջոկատներ ուղարկել՝ սիրիահայության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանելու համար։
Սովորական արկածախնդրություն է, քաղաքական ձևակերպումների տակ հերոսանալու մարմաջ։
Քեսաբը հայկական հարցի բաղկացուցիչ չէ՝ սիրիական հակամարտության, Սիրիայի ու Թուրքիայի անտագոնիզմի հերթական դրսևորում է։
Հայաստանը ռեսուրս չունի միջամտելու սիրիական հակամարտությանը։
Հայաստանը նաև նման օրակարգ չպետք է ունենա, որովհետև արտաքին քաղաքականության մեջ քաջնազարության վերջը մանրադրամի վերածվելու դառը զգացողությունն է։
Աշխարհի հզորները չեն կարողանում գտնել սիրիական հակամարտության կարգավորման բանալին. պատերազմի բոցը դեռ երկար է մնալու սիրիական հողում՝ խլելով նաև մեր հայրենակիցների կյանքը, ընչազրկելով և ունեզրկելով նրանց։
Սիրիայի հայկական գաղութը ավանդույթներ ու պատմություն ունի, գուցե նաև՝ առանցքային դերակատարություն ունի Հայաստանի ու հայության համար։
Չեմ վիճում, բայց այդ ամենն ամեն օրվա հետ դառնում է չվերականգնվող պատմություն, մնում է պատերազմի հարուցած փլատակների տակ։
Մարդկային կյանքն ամենաթանկ բանն է, ու եթե Հայաստանն անելիք ունի սիրիահայության ճակատագրում, դա նրա արագ արտահանումը կազմակերպելն է։
Մարդկանց հայրենիքում նոր կյանք սկսելու հնարավորություն պետք է տալ, գուցե նրանք էլ նոր կյանք հաղորդեն Հայաստանին։
Ի վերջո, հայկական շահեր, առաջին հերթին, պետք է փնտրել Հայաստանում՝ արժանապատիվ ու անտանգ քաղաքացու դեմքով։

 

 

 

                                                                                                                          Սուրեն Սուրենյանց