Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի կիրակի' հետևողությամբ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի -տես Ղուկ. 15:11-32-: Ըստ Ավետարանական առակի, մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջեւ: Կրտսեր որդին իր բաժինը վերցնելով գնում է հեռու երկիր, ապրում ցոփ ու շվայտ կյանքով, վատնում ամբողջ ունեցածը և հայտնվում ծայրահեղ աղքատության մեջ: Այս դժվար դրության մեջ նա հիշում է հայրական տունը, զղջում կատարածի համար և վերադառնում: Հայրը, տեսնելով որդու զղջումը, ուրախությամբ ընդունում է նրան: Ավագ որդին դժգոհում է, որ ինքը միշտ հոր կողքին է եղել, սակայն նման պատվի երբեք չի արժանացել: Հայրը պատասխանում է, որ պետք է ուրախ լինել, քանի որ' ով մեռած էր, կենդանացավ: Եկեղեցական գրականության մեջ այս առակը մեկնաբանվում է հետևյալ կերպ.ավագ և կրտսեր որդիներն արդար եւ մեղավոր հոգիներն են, իսկ հայրը' Աստված: Եվ ինչպես հայրն է անառակ որդուն ընդունում, նույն կերպ էլ Աստված է իր գիրկն առնում զղջացող մեղավորին: Առակը նաեւ հետեւյալ խրատն ունի, որ բացահայտվում է ավագ որդու կերպարում: Ովքեր կարծում են, թե արդար են, պետք է խուսափեն սեփական անձի մասին չափազանց բարձր կարծիք ունենալուց: Առակը կարևոր է նաև նրանով, որ ևս մեկ անգամ հիշեցնում է քրիստոնեական ու առհասարակ համամարդկային երկու կարևոր սկզբունքների մասին' զղջման ու ներման, որոնք այս դեպքում հանդես են գալիս փոխկապակցվածությամբ: Աստված միտ պատրաստ է ներելու յուրաքանչյուր մարդու, չենք ասում մեղավորի, որովհետև ներկայիս իրականության մեջ անմեղ մարդ ուղղակի գոյություն չունի, և հարկ է միայն, որ յուրաքանչյուրս' ես, դու, երրորդը չորրորդը, համարձակություն ունենանք մեր հոգու հայելու առաջ դիտելու մեզ, հասկանալու թե որքանով ենք խեղաթյուրել ինքներս մեզ որպես մարդ արարած, որպես Աստծո պատկերն ու նմանությունը մեր վրա կրող էակներ ու ասելու'<< Հայր մեղանչեցի երկնքի ու Քո առաջ>> -Ղուկ. 15:21-: