Հանգստյան օրերի փխրուն հրադադարը իշխանության ու ընդդիմության միջև՝ «համաներում՝ վարչական շենքերի ազատման դիմաց» բանաձևով, ավելի խորացրեց քաղաքական ճգնաժամը։
Հակադրության կողմերը խոսում էին տրամագծորեն տարբեր լեզուներով՝ ժամ առ ժամ ի չիք դարձնելով կոմպրոմիսի հնարավորությունը։

 


Ընդդիմությունը պահանջում էր վերադարձ 2004թ–ի Սահմանադրությանը, իշխանությունը խոսում էր սահմանադրական վերացական փոփոխություններից՝ իրականում խաղալով ժամանակի վրա։
Երեկ խորհրդարանական մեծամասնությունն, ըստ էության, մերժեց 2004թ–ի Սահմանադրությանը վերադառնալու հնարավորությունն, ինչն էլ իսկական քաղաքացիական պատերազմի ազդանշան դարձավ։
Հակամարտող կողմերն նաև ակտիվ քայլեր էին ձեռնարկում արտաքին քաղաքականության ուղղությամբ։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախօրեին հանդիպել է ուկրաինական ընդդիմության առաջնորդներ Վիտալի Կլիչկոյի, Արսենի Յացենյուկի հետ։
Մեկելը կարևորել է անցումային կառավարության ստեղծումն ու սահմանադրական բարեփոխումների անցկացումը։

 


Սա արևմտյան բացահայտ աջակցություն էր ուկրաինական ընդդիմության պահանջներին։
Մոսկվան էլ բացահայտորեն սատարում էր Վիկտոր Յանուկովիչի ռեժիմին։
Պատահական չէ, որ բախումները հաջորդեցին այն լրատվությանը, որ Ռուսաստանն Ուկրաինային կտրամադրի երկու միլիարդ դոլարի տրանշ։
Այս պահին «Բերկուդը» փորձում է ընդդիմադիրներից ազատել Մայդանը՝ գնդակահարելով մարդկանց, ցուցարարները պաշտպանվում են։
Կիևն այլևս ոչ թե եվրոպական մայրաքաղաք է, այլ՝ իսկական մարտադաշտ՝ երկու տասնյակին մոտ զոհերով, հարյուրավոր վիրավորներով։

 


Այս գիշեր գրվում է Ուկրաինայի պատմության ողբերգական էջերից մեկը։
Ինչպիսի՞ արշալույս կդիմավորի Ուկրաինան՝ ազատված ռուսական կայսրությունից, թե՞ օկուպացված Կրեմլի ու նրա տեղական «կուսակցության» կողմից։
Այս հարցի պատասխանն ոչ մեկ չունի, իսկ զոհրի թիվն ավելանում է…

 

 

 

Սուրեն Սուրենյանց