Հետաքրքիրն այն է, որ, չնայած անցած 4-5 տարիների բոլոր ձախողումներին, ՀԱԿ առաջնորդներն ու ակտիվիստները շարունակում են գործել այն նույն մեթոդներով, որոնք վստահ կարելի է բնութագրել իբրև չքաղաքական, հակաքաղաքական: Վիրավորանք, ագրեսիա, հեղափոխական կոչեր... բայց ոչ մի մեխանիզմ, ոչ մի գործիք և, մեծ հաշվով, ոչ մի հստակ ծրագիր: Արդյունքը միայն այն մթնոլորտն է, որը հնարավոր է դարձնում այսօրվա միջադեպերը: Եվ սա բնական է: Միթե՞ ՀԱԿ-ում չէին հաշվարկել, որ բողոքի ցույցը, առաջացնելու էր հակադարձ ցույց: Հատկապես, եթե այդ ցույցը հիմնված է հակառակ ճամբարի առաջնորդին հասցեագրված վիրավորանքների վրա: Միթե՞ պարզ չէր, որ հանրապետականները դա չեն հանդուրժի, ինչպես որ դա չէր հանդուրժի ցանկացած այլ քաղաքական ուժ՝ լինի Հայաստանում, թե, օրինակ, ԱՄՆ-ում: Հակադարձ ակցիաները սովորական պրակտիկա են ամենուր: Հայաստանը բացառություն չէ: Մեր պարագայում յուրահատուկը, թերևս, համատարած մերժողական տրամադրություններն են, որոնք հաղթահարելու նախանշաններ, ցավոք, դեռևս չկան:

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան