Անցյալ շաբաթ France Presse գործակալությանը տված իր ծավալուն հարցազրույցում Սիրիայում տիրող ողբերգական իրավիճակի մասին, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը, չգիտես թե, ինչու, հիշել է Մեծ եղեռնը: Ասադը զուգահեռներ է տարել 1915 թվականի Հայոց ցեղասպանության և օտարերկրյա գրոհայինների կողմից Սիրիայում կատարվող քաղաքացիների դաժան սպանությունների հետ: Ինչո՞ւ հենց հիմա, ինչո՞ւ կրկին մեր ցեղասպանությունը: Ասադը նո՞ր գիրք կարդաց և պատմությանը ծանոթացավ, թե խիղճը տանջեց և որոշեց բարեկամ Հայաստանին իր բարոյական աջակցությունը ցուցաբերել: Իհարկե ոչ: Պատճառները պետք է փնտրել միանգամայն այլ հարության վրա:

Ո՞վ այսօր չգիտի, որ Թուրքիան մեծապես նպաստել է նախագահ Ասադին տապալելու միջազգային հանրության օրեցօր մեծացող ջանքերին՝ ուղարկելով զինամթերք և ապահովելով ծայրահեղ իսլամիստների ներթափանցումը Սիրիա: Նպաստելը դեռ մեղմ է ասած: Թուրքիան այս հարցում առանցքային դերակատար է: Սրա մասին բազմից ասել է թե՛ հենց Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը, թե՛ հենց վերջերս այդ երկրի արտգործնախարար Վալիդ Մուալեմը Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում շարունակվող «Ժնև-2» համաժողովի շրջանակներում' մեղադրելով Թուրքիային դավաճանության մեջ: Մինչ Արաբական գարնան սկիզբը կամ էլ Սիրիայում ծագած ճգնաժամը, Ասադը նույնիսկ Հայոց ցեղասպանության մասին գրքերի վաճառքն էր արգելում, էլ ուր մնաց ճանաչեր 20-րդ դարի մարդկության մեծագույն ողբերգություններից մեկը:

Տվյալ շարքը կարելի է շարունակել, բայց չեմ կարծում, որ դա ինչ-որ բան կփոխի: Կարծում եմ հստակ է, որ այդ դեպքում, ինչպես նաև շատ այլ դեպքերում, առաջնային է երկրների պետական կամ քաղաքական շահերը: Ցավալի է, որ մեզանից շատերը նման լուրերը ընդունում են մեծ ոգևորությամբ և միամտաբար կարծում են, որ նման քայլերն արվում են արդարության վերահաստատման, կամ էլ մեր ցավը կիսելու նկատառումներով: Վստահեցնում եմ Ձեզ, որ բրիտանացի ամենահայտնի պետական գործիչներից մեկի' Լորդ Փալմերստոնի արած արտահայտության գաղափարը, որն արվել է ավելի քան երկու հարյուր տարի առաջ, մնում է արդիական առ այսօր և բնավ ոչ միայն Միացյալ Թագավորության համար:

Հ.Գ. Չկան հավերժական թշնամիներ և բարեկամներ, այլ կան հավերժական շահեր: