Գնաս բարով եղբայր՝ հեռուներն են կանչում,

Ճամփան նույնն է, որով մեր մեծերը անցան,
Քո բոցեղեն անվան արձագանքն է շաչում՝
Գոլորշին է ելնում դեռ թարմ ու տաք արյան:
Գնաս բարով եղբայր՝ դու քո պարտքը տվիր,
Մեզ թողնելով հավերժ քո արյունի դեմ պարտք՝
Հերոսների կողքին խաղաղությամբ ննջիր՝
Քեզ խնկարկում հավերժ, քեզ խոնարհում ու փառք:
Գնաս բարով եղբայր, Վահագնացեղ գենի՝
Որդիս քեզնով պիտի իր տեսակը զգա,
Քեզնով պիտի վաղվա Ավարայրում երկնի
Եվ քեզանով պիտի մեր վաղվա օրը գա:
Գնաս բարով եղբայր՝ քո զորակոչն այլ է,
Մի այլ բանակ այնտեղ քո ճամփան է պահում,
Այնտեղ նաիրական արեգակի փայլն է,
Այնտեղ հայոց փառքի ատրուշանն է վառվում:
Ճամփան նույնն է, որով մեր մեծերը անցան
Գնաս բարով եղբայր՝ հեռուններն են կանչում,
Գոլորշին է ելնում դեռ թարմ ու տաք արյան
Քո բոցեղեն անվան արձագանքն է շաչում…

 

Դավիթ Ասատրյան