Հիշողություններ Երևանի մասին
Մարտիրոս Սարյանը Ալեքսանդր Թամանյանի մասին
Նա այնքան ներողամիտ էր…
/հատված/
Քանի դեռ չէր սկսվել նոր Երևանի կառուցումը, քաղաքը թողնում էր քայքայված փլատակի տպավորություն: Մի տեսակ տխրություն էր իջել նրա վրա: Բայց երբ աշխույժ ռիթմով մուրճերը զարկեցին, երբ միտքը և ջլապինդ բազուկները գործի անցան, ամեն ինչ փոխվեց: Երևանը հետզհետե պայծառացավ:
Նոր Երևանը սերտորեն կապված է Ալեքսանդր Թամանյանի անվան հետ:
Մեր ժողովուրդը երջանիկ է, որ 20-րդ դարում էլ ունեցավ իր Տրդատ ի դեմս Թամանյանի:
Շատ ընկերներ եմ կորցրել ես, մահն ու պատահարները խլել են նրանց ինձնից: Թամանյանը մեկն է, որի կորուստը մեծ վիշտ է ինձ համար, մեկը որին հիշում եմ անընդհատ՝ այդ համեստագույն ու հանճարեղ հայ շինարարին:
Առաջին անգամ Թամանյանին հանդիպել եմ «Мир искусства» ցուցահանդեսներից մեկում, ուր նա, ինչպես և ես, ցուցադրել էր իր գործերը: Ծանոթացանք և այդ օրվանից էլ սկսվեց մեր բարեկամությունը:
Եկավ օրը: Օտար ափերից հայրենիք վերադարձան հայ ժողովրդի լավագույն զավակները: Փոքրիկ, տխուր Երևանը սկսեց ժպտալ, ապա արևի նման պայծառանալ: Մի րոպե պատկերացրեք, թե ինչի էր նմանվում այս գյուղաքաղաքը, երբ նրա նեղլիկ փողոցներով կողք-կողքի քայլում, իրար հետ զրուցում, ծրագրեր էին կազմում ու նրա տնակներում ժրաջան մեղուների պես օրավուր աշխատում Աճառյանը, Սպենդիարյանը, Մալխասյանցը, Մանանդյանը, Ղափանցյանը, Աբեղյանը, Ռոմանոս Մելիքյանը, Արուս Ոսկանյանը, Փափազյանը, Հասմիկը, Հրաչյա Ներսիսյանը, Չարենցը, Բակունցը, Կոջոյանը…
Ամբողջությամբ կարդացեք ԱՆԴԻՆ ամսագրի 10-րդ համարում