Վերջերս, Ցայգ ՀՌԸ-ը մի մարզական տեսանյութ էր պատրաստել Գյումրու՝ 2-րդ համալիր մարզադպրոցի, աղջիկների մականախաղի ( խոտի հոկեյ) թիմի մասին: Իսկապես հպարտ է հնչում՝ Գյումրին ունի աղջիկների մականախաղի թիմ: Խորհրդային տարիներին, Լենինականում կար այս սպորտաձևի՝ տղաների և աղջիկների թիմեր, սակայն 1988-ի աղետի պատճառով, մահացավ նաև այս սպորտաձևը: Բնականաբար, լավ մտահաղացում է՝ նորից զարկ տալու այս սպորտաձևի զարգացման և մասայականացմանը:
Երբ ինը տարեկան աղջիկս, ուրախությամբ և ոգևորվածությամբ տուն մտավ և հայտարարեց, որ վաղվանից մականախաղի մարզումների է գնալու, կնոջս հետ զարմացած իրար երես նայեցինք: Զամանքներս այն էր, որ վերջապես Գյումրու Մուշ 2 թաղամասում գործելու էր մի մարզաձև, որը կարող էր երեխաներին ֆիզիկապես կրթել, չէ որ նույնիսկ Մուշ թաղամասի 42 դպրոցը, չուներ մարզահրապարակ կամ մարզադահլիճ և ֆիզկուլտուրայի դասաժամին, ուսուցիչը ստիպված էր կրթական ծրագիրը սահմանափակել՝ երեխաներին դպրոցի շենքի շուրջ բոլորը մի քանի շրջան վազեցնելով: Մուշ թաղամասի նորակառույց 23-րդ դպրոցը, ի տարբերություն 42 դպրոցի, ունի ոչ միայն մարզադհլիճ, այլև հարմարավետ և որակյալ մարզադաշտ, բայց…: Մեր ուրախությունները կարճ տևեց, քանի որ արդեն այսօր, աղջիկների մականախաղի թիմը խնդիրներ ունի և ես, որպես ծնող, մտահոգությունս և արդարացված զայրութս եմ հայտնում խնդրի ծագման և անտարբերության մատնված լինելու կապակցությամբ: Դիտում եմ մարզական տեսանյութը, այո, քաջալերող է, ցույց է տալիս մարզադպրոցի տնօրենի նախաձեռնությունը, ոգևորվածությունը, բայց արի ու տես, որ այդ ամենը ընդամենը գովազդային կողմն է: Ինչպես միշտ, կատարվող աշխատանքի տեսանելիություն է ստեղծվում, բայց իրական պատկերն այլ է: Քննադատությունս կոշտ է, հոգնել ենք հայկական այս մենթալիտետից՝ աչքաթողություն, անտարբերություն, կեղծ շահագռգռվածություն և այլն:
Ի՞նչում է խնդիրը, ավելի շուտ խնդիրները: Նախ այն, որ թիմը, Մուշ թաղամասում մարզվելու համար չունի մարզադաշտ, ամռան ամիսներին նրանք մարզումները անցկացնում էին 23-րդ դպրոցի մարզադաշտում, սակայն որքան տեղեկացա խնդրին, դպրոցի տնօրենը թիմից պահանջում է վարձավճար՝ դաշտը տրամադրելու համար: Արդեն մի քանի շաբաթ է, երեխաները մարզումները անցկացնում են շենքերի բակերի խաղադաշտերում: Այն, որ այդ տեսանյութում մարզվում են Հայաստանի, աղջիկների մականախաղի առաջնության բրոնզե մրցանակակիրները՝ հիմա, որպես այդպիսին չկա, աղջիկներն այլևս չեն մարզվում և տարբեր պատճառներով թողել են մարզաձևը: Սա գիտեմ, քանի որ նրանցից մի քանիսին ճանաչում եմ և վերջապես նույն թաղամասից ենք՝ հարևաններ: Թիմում մնացել են վեց՝ 8-9 տարեկան աղջիկներ և տարբեր տարիքի երեք տղաներ:
Մեկ տարվա ընթացքում հավաքել թիմ, մարզել և դառնալ բրոնզե մրցանակակիր՝ հզոր է, կարելի է հարգանքի տուրք մատուցել մարզիչ Անահիտ Իսպիրյանին, ով հավատով իր ջանքն ու եռանդ է դնում երեխաներին մարզելու համար, սակայն այսօր, հաղթանակից կես տարի անց՝ հիասթափություն, ավելին, մարզաձևը կանգնած է նորից փակվելու եզրին: Չծնված՝ մահ, արհեստական վիժեցում: Արհեստական, քանի որ սաղմը պահպանելու ոչ մի քայլ չի ձեռնարկվում: Հաղթանակը պատկանում է թիմին, իսկ պարտության դեպքում, պատասխանատվությունը ընկնում է մարզչի վրա: Սա հեշտ տարբերակ է, լվանալ ձեռքերն ու առանց թիմին աջակցություն ցուցաբերելու ակնկալել, որ թիմը կգոյատևի և նույնիսկ արդյունքներ կունենա:
Ես, իմ առջև նպատակ չեմ դնում լրագրողական հետաքննություն անցկացնելու, ես պարզապես այն ծնողներից մեկն եմ, ով պահանջում է իշխանությունների և պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել այս մարզաձևի խնդիրների, կարիքների և վերջապես զարգացման և սպառազինման վրա: Կուզենայի համոզված լինել, որ Ալեքսանդր Կիրակոսյանը, ոչ միայն տեսախցիկի առջև է շահագռգռվածություն և մտահոգություն ցուցաբերում, այլ ինչպես ասում են՝ կադրի հետևում նույնպես: Ինձ համար հարց է ծագում, ո՞վ է հովանավորում թիմի գույքային պահանջները, ի՞նչու են դրանք հին, մաշված և անբավարար, ի՞նչ է նախաձեռնվում խնդիրների լուծման համար և վերջապես, մի՞թե հողե մարզադաշտը տրամադրելու համար, վարձ պահանջելը բարոյական է համարվում: Հասկանում եմ, որ դպրոցն էլ իր կանոններն ունի, բայց կարելի է չէ, որ այդ հարցը լուծվի ի հոգուտ մարզաձևի և թիմի: Չէ՞ որ մեր երեխաներն ավելին են, քան հողածածք մարզադաշտը, որն ի դեպ, կես ամսից՝ անձրևների և ցրտի պատճառով, անպիտան կդառնա մարզումների համար: Հարցը կմնա չլուծված, առավել ևս ձմեռվա շրջանի համար: Հիմա ի՞նչ, նորից շեշտադրությունը դնելու ենք գյումրեցու թասիբի ու պատվի վրա՞: Այս երեխաների ծնողներն արդեն երաշխավորել են թիմին իրենց աջակցելու մասնակցությունը՝ ամսեկան վարձավճարի մուծմամբ և երեխաների՝ մարզումներին չբացակայելու պատասխանատվությամբ: Աղջիկների թիմը գնդակն ուղարկել է ձեր կիսադաշտ՝ պարոնայք չինովնիկներ, ձեզ տեսնենք:
Ծնող՝ Մամիկոն Համբարյան