Մեր իշխանությունները, ժողովրդին լավ համոզել գիտեն: Ընդունված չափանիշ է, եթե սուտն ասողը չհավատա իր ստին, ապա դա սուտ չի համարվի: Մեր իշխանությունները ի սրտե հավատում են իրենց ստին և երկու ոտքը մեկ աման դրած, պնդում են իրենցը ասածը ու եթե այս իշխանություններին լավ չճանաչէինք, ապա, իրոք որ սուտը ճշմարտության տեղ կուլ կտայինք: Իտալական կինոարտադրության «Բլեֆ» Գ/ֆիլմը տեսած կլինեք, որտեղ Չելենտանոյի մարմնավորած հերոսն ասում է «Блефуешь, блефуй до конца»: Ի դեպ, Խորհրդային միությունում, այդ արտահայտությունը թևավոր խոսք էր դառել:
Սերժ Սարգսյանի, մաքսային միությանը անդամակցելու հայտարարությունը, հերմենեվտիկայի բոլոր կանոներով և սկզբունքներով ուսումնասիրման ենթարկվեց: Հայտարարությունը տարբեր կերպ ընկալվեց և մեկնաբանվեց, բայց ՀՀԿ-ականներին հատկանշականը հենց այն է, որ նրանք այդ ամեն կիկսերից ու բլթոցներից հետո, հայտարարում են՝ «թանգագինս, դա այն չէ, ինչ դու կարծում ես»: Փաստորեն հանրությունը, ինչ որ բաներ սխալ է հասկանում: Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները և ՀՀ ժողովուրդը, գտնվում են երկու տարբեր հարթություններում: Հիմա, մեր իշխանությունները, ինչ որ խնդիր ունեն հասկացողության հետ, որի պատճառով, Ֆյուլեի հայտարարությունը, որ ՀՀ –ն չի կարող այլևս ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրել՝ չի կարող ներթափանցել լճացած իշխանավորների ժանգոտած ուղեղների ծալքերից ներս: Կամ Ֆյուլեն չարաշահում է իր իրավասությունները՝ գերադրելով սեփական զգացմունքները՝ ԵՄ-ի քաղաքականության և օրենսդրական դաշտի հնարավորությունների հետ և հաշիվ չի տալիս իր հայտարարությանը կամ էլ մերոնք են բութ, որ պնդում են, թե Ֆյուլեն չի ջոկում, թե ինչ է խոսում և ԵՄ-ի ասոցացման համաձայնագրի նախաստորագրման համար, հարկավոր է քաղաքական կամք և որոշ օրենքների վերանայում կամ վերամշակում՝ երկուստեք համագործակցության համադրելության համար: Գովելի է մեր իշխանությունների պնդաճակատությունն ու եզան համառությունը, բայց սա այն պատը չէ, որի վրա կարելի ճակատ կոտրել, այս պարագայում, դա բացարձակապես դիտվում է որպես եզան համռություն: Այստեղ նորից անդրադառնանաք ստի և բլեֆի մասին ասածներիս: Կոմեդիան շատ երկարաձգվեց, տպավորություն է, թե իշխանությունները մնացել են դերի տակ:
Լավ, ի՞նչն է խանգարում մեզ, որ նույնիսկ առանց ԵՄ-ին ինտեգրվելու, նրանցից փոխառնենք այն բոլոր օրենքները, որոնք նպաստում են մեր երկրում դեմոկրատիայի զարգացմանը, փաստորեն ոչինչ: Ի՞նչու ՀՀ իշխանությունները շահագռգռված չեն օրենսդրական փոփոխություններ կատարելու՝ առանց ԵՄ ընտանիքի անդամ դառնալու, ա~, այ այստեղ ունենք պատասխան, ի՞նչ օգուտ իրենց՝ իշխանավորներին: Փաստորեն ԵՄ-ից տարբեր պատճառներով փող կլպելու դրդապատճառն է, որ մեր իշխանավորների համար, օրենսդրական փոփոխություններ կատարելու մոտիվատոր կարող է հանդիսանալ:
Ոմանք խորշում և վախենում են Եվրոպայից, ավելի շուտ եվրոպական այլասերումից, բայց դեմ չեն եվրոպական դեմոկրատիային, սակայն, մյուս կողմից ծանրակշիռ Ռուսաստանն է, որն ի դեպ, իր ամեն ինչով գրեթե աշխարհում առաջինն է՝ բացի դեմոկրատիայից և եթե համեմատենք արևմուտքի այլասերվածության հետ, ապա դրանում նույնպես հետ է մնում: Աշխարհի սպառվող ռեսուրսները մի կողմ, Ռուսաստանի դեռ չշահագործված ռեսուրսները մի կողմ: Սպառված ռեսուրսներով աշխարհն իր ագահ աչքը դրել է Ռուսաստանի վրա, իսկ մենք Ռուսաստանից փախնում ենք: Ի՞նչ ունենք մենք, որ կարողանանք աշխարհի համար գայթակղիչ դառնալ, ոչինչ, ի՞նչ ունենք մենք, որ կարողանանք գերպետությունների հետ ոտք գցել և մի բան էլ հավասարի պես խոսել նրանց հետ՝ ոչինչ: Մենք, մեր հույսը դրել ենք այն բանի վրա, որ մեր երկրի աշխարհագրական դիրքը, աշխարհաքաղաքական տեսանկյունից կարող է որևէ պետության մոտ հետաքրքրություն առաջացնել՝ բխելով տարածաշրջանում տվյալ պետության ներկայության շահերից, որը կարող է մեզ համար ենթադրել համագործակցություն՝ ռազմատնտեսական, առևտրային, տնտեսական և մի շարք այլ ոլորտներում: Տվյալ երկկողմ շահը, մեզ համար երաշխավորում է նաև քաղաքական վտանգավոր խաղերի մեջ ներքաշված լինելու հնարավորությունը, ինչին և բախվել ենք այսօր: Ռուսաստանի և ԵՄ-ի միջև տարածվող շպագատը, կարող է ճողվածք առաջացնել: Հայաստանը, տասնհինգ տարի վարել է միավեկտոր քաղաքականություն, անկախ իշխանությունների՝ հակառակի պնդմանը, նա հավատարիմ էլ մնաց այդ սկզբունքին՝ նախընտրությունը տալով Ռուսաստանին: Մեր իշխանությունները, որդեգրել են ժողովրդական խոսքի սկզբունքը «Շորի նորը, ընկերոջ հինը»: Ափսոս, որ իշխանություններն այդ ընտրությյունը կատարեցին առանց ժողովրդի կարծիքն հարցնելու, ինչ արած, այս է ժողովրդի վճարած դեմոկրատիայի գինը: