«Աստծո շնորհքը երևաց, որ փրկարար է ամեն մարդու համար»: (Տիտոս 2.11)
Այսօր եկեղեցում ամեն մեկին չէ, որ բացված է շնորհքի գաղտնիքը: Եթե քրիստոնյաները ձգտեն հասկանալ, թե ինչ է Աստծո շնորհքը, ապա եկեղեցին կհասնի աննկարագրելի հաջողությունների:
Ի՞նչ է շնորհքը: Ես բազմիցս ասել եմ, որ հայերենում այս բառը շատ դիպուկ գործածություն ունի: Եթե մի երիտասարդ լավ մեքենա է վարում, ասում են' դա նրա շնորհքը չէ, այլ' հոր: Այսինքն՝ հոր շնորհքով ունի այդ ամենը:
Հավատացած եմ, որ Աստծո շնորհքը բարձրացնում է մեզ և տալիս այն ամենը, ինչը ձեռք բերելու ունակությունը մենք չունենք: Երբ հաջողության հասնում ես քո ունակությամբ, ապա դա ձեռք բերեցիր քո ջանքով և կարողությամբ: Իսկ շնորհքն այն է, որ հասնում ես հաջողության՝ անկախ քո ունակություններից և գիտակցում ես, որ չէիր կարողանա հասնել դրան, բայց հասել ես:
Ունակությունների առկայության դեպքում կարելի է շատ հաջողությունների հասնել, սակայն շնորհքով կարելի է հասնել գերբնական արդյունքների: Եվ դա հասու է միայն Աստծո շնորհքի միջոցով:
Նույնպես գրված է' շնորհքը փրկություն է ամեն մարդու համար: Մեր ուժերով հասնել հավիտենական կյանքի անհնար է, միայն շնորհքի միջոցով: Սակայն փրկություն ասելով՝ նկատի չունենք միայն հավիտենական կյանքը: Կյանքում կան այլ բնագավառներ՝ ֆինանսական, առողջական և այլն, որտեղ ո՛չ մեր ուժերով, ո՛չ էլ մեր կարողությամբ չենք կարողանա հաջողության հասնել: Մենք կարիք ունենք աստվածային շնորհքի, որով կարող կլինենք հասնել շատ բարձունքների: Երբ հասկանանք, որ մարդկային ուժերով անհնար է հաջողության հասնել, հենց այդ ժամանակ էլ կգործի Տիրոջ շնորհքը:
Ամեն մեկն Աստծո շնորհքի կարիքն ունի: Մնացե՛ք Տիրոջ շնորհքի մեջ, հասե՛ք բարձունքների և կատարե՛ք այն գործերը, որոնք անհասանելի են ձեզ համար: