Նիկոլ ջան, ԵԼՔ, այնուամենայնիվ, կա)) Ապրիլի 30-ին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում իմ հյուրն էր ԵԼՔ դաշինքի՝ Երևանի քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Հաղորդման https://www.youtube.com/watch?v=jsJnB3JznW0 հենց սկզբում ես նրան ուղղեցի հետևյալ հարցը. «Նախ՝ ուզում եմ՝ անդրադառնանք խորհրդարանական ընտրությունների վիճարկմանը Սահմանադրական դատարանում, որովհետև ապրիլի 2-ից հետո դուք հայտարարում էիք՝ եթե այլ ուժեր ընտրությունների արդյունքները վիճարկեն Սահմանադրական դատարանում, հնարավոր է՝ դուք ևս միանաք։ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը Սահմանադրական դատարան դիմեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, ինչո՞ւ դուք (ԵԼՔ-ը) չմիացաք»։ Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց, որ իմ մեջբերման կոնտեքստը մի փոքր այլ է, ապա մի քանի անգամ պնդեց, որ իրենց դաշինքից որևէ մեկը նման հայտարարություն չի արել՝ ինձ անուղղակիորեն մեղադրելով սխալ, մտացածին մեջբերում անելու մեջ։ «Դուք չեք մեջբերել մեր խոսքից, ուրեմն, եթե մեջբերում եք, ասեք՝ ով, կոնկրետ ե՞րբ, որտե՞ղ է նման հայտարարություն արել...», «Մենք էդպիսի բան չենք ասել»։ Ի պատասխան իմ դիտարկմանը, որ ես կգտնեմ հայտարարության տեքստը, ցույց կտամ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Դուք չեք կարող գտնել... Նման հայտարարություն չի եղել»։ Նիկոլն այնքան ինքնամոռաց էր պնդում, որ նման հայտարարությամբ ԵԼՔ դաշինքից որևէ մեկը հանդես չի եկել, որ անգամ կասկածեցի սեփական հիշողությանս։ Սակայն պարզվեց՝ դավաճանում է ոչ թե իմ, այլ Նիկոլի հիշողությունը, որովհետև ԵԼՔ դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը ապրիլի 7-ին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում բառացիորեն հայտարարել է. «Այսօրվա դրությամբ որևէ հիմք չունենք, որպեսզի «Ելք» դաշինքը բողոքարկի այդ ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում: Բայց մենք էս պահին ձեռնպահ ենք մնում այդ մասին ուղիղ հայտարարելուց, որովհետև, բացի մեզնից, ընտրություններին մասնակցել են նաև այլ կուսակցություններ, և կարող է իրենց դիտորդները կամ վստահված անձինք շատ ավելի ակտիվ, շատ ավելի ազնիվ են աշխատել և ունեն էդպիսի փաստեր, որոնցով իրենք կմտնեն Սահմանադրական դատարան: Մենք կնայենք, եթե մենք բացթողում ենք ունեցել, և էդ փաստերն իրական են, միանշանակ կմիանանք էդ բողոքին» (http://www.azatutyun.am/a/28416314.html տեսանյութում՝ 1․12-1։52 հատվածը դիտել): Քաղաքապետի ընտրություններն, իհարկե, կարևոր ու գուցե հուզախառն իրադարձություններ են, ինչպես և ԱԺ ընտրություններում տարած հաղթանակն ու դրան հաջորդած էյֆորիան։ Բայց, կարծում եմ, դա չի արդարացնում իմ նախկին գործընկերոջ տոնն ու վստահությունը, որն ինձ ստիպեց հանդես գալ այս գրառմամբ, ինչից սովորաբար փորձում եմ խուսափել նմանատիպ այլ դեպքերում։

Հ.Գ. Անկախ ամեն ինչից՝ միշտ հաճելի է Նիկոլ Փաշինյան զրուցակիցը, ով անգամ ամենասուր բանավեճում չի դադարում լինել լրագրող ու մեր գործին մոտենում է խմբագրի նախանձախնդրությամբ։ https://www.youtube.com/watch?v=jsJnB3JznW0


Սաթիկ Սեյրանյան