Կիլիկեցի մեծանուն նկարիչ Սարգիս Պիծակը 1350 թ. պատկերել է ահեղ դատաստանի խիստ հետաքրքիր տեսարան։ Նկարի անկյունագծով աստիճաններով վեր' Քրիստոսի մոտ են բարձրանում արդարները. կից գրված է'«Սա է ճանապարհն կենաց»։ Իսկ ներքևում' խողովակ հիշեցնող տեղով դեպի գազանի երախն են գնում մեղավորները (մեկն էլ այրվում է կրակում)։

 

Հետաքրքիր է, որ դատելով դեմքերից, բոլորը կանայք են։ Բացի այդ, եթե ուշ շրջանի նման պատկերներում արդարները հագուստով են, ապա այստեղ բոլորը մերկ են։ Բայց զարմանալին կոնֆլիկտն է նկարի կենտրոնում (հնարավոր է, նախօրինակից է ծագում). Ձախ կողմում կանգնած սատանան պարանը գցել է աստիճանով բարձրացող կանանցից մեկի ոտքից և փորձում է ցած գցել։ Վերջինս, կարծես հավասարակշռությունը կորցրել է և հրեշտակներից օգնություն է հայցում։

 

Եվ ահա աջ կողմում գտնվող հրեշտակը սրով հարվածում է սատանայի ձեռքին, որպեսզի սա բաց թողնի պարանը...։
Հ.Գ. Որոշ իմաստով սա կոմիքսի նախատիպ է։ Դրանք Եվրոպայում հայտնվել են 16-րդ դարում և կրոնական բովանդակություն են ունեցել։

 

Կարեն Մաթևոսյան