ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ անակնկալ այցելել էր Գյումրի՝ հանդիպելու գյումրեցիների հետ, այցելելու «Շիրակ կենտրոն», ծանոթանալու Գյումրու և գյումրեցու առջև ծառացած խնդիրներին՝ օգնության ձեռք մեկնելու:

 


Ցավոք՝ մինչ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումը Գյումրու Վարդանանց հրապարակում դժբախտ պատահար էր գրանցվել՝ սրտի կաթվածից մահացել էր 50-ն անց տղամարդը: Գագիկ Ծառուկյանը՝ ով գյումրեցիների հետ հանդիպումից հետո էր միայն տեղեկացել դեպքի մասին, անմիջապես խնդրել է իր ցավակցությունը փոխանցել մահացածի ընտանիքի անդամներին և հարազատներին:

 


Ճիշտ է, դժբախտ դեպքերից, պատահարներից ապահովագրված չենք և ոչ մեկս, սակայն նմանատիպ ծանր դեպքերում սառնասրտություն և սրտացավություն ցուցաբերելը բոլորիս պարտավորությունն է: Սա վերաբերում է բոլոր նրանց, և, մասնավորապես, այն լրատվականներին, որոնք լուրը իմանալուն պես շտապեցին դրանից բում նյութեր պատրաստել՝ ահիմն շահարկելով Գագիկ Ծառուկյանի անունը, միայն թե իրենց լրատվականների դիտումները ավելացնեն, միայն թե ապահովվեն իրենց օրվա հացի մի քանի կոպեկով ու բացարձակ կապ չունի թե ինչ միջոցով և ինչի հաշվին:

 


Ցավալի է, որ մեր իրականության մեջ դեռ կան լրատվականներ, որոնք հանուն փողի, հանուն թիթեռի կյանք ունեցող իրենց փառքի պատրաստ են գնալ ամեն ինչի, կարող են անհիմն շաղկապել իրադարձությունները, կարող են հայր, ամուսին, որդի կորցրած մարդու զգացմունքներն ու սուգը չհարգելով՝ իրենց ապագան կառուցել:

 


Նման լրատվականները անբարոյականից էլ անբարոյական են, նման ցավալի դեպքերի ու դժբախտության վրա սեփական «երջանկությունը» կառուցողներն ուղղակի մարդ կոչվելու իրավունք չունեն:

 

Ավետիս Մինասյան