Գագիկ Ծառուկյանի շուրջ քննարկումները չեն դադարում՝ լսարանը բաժանելով նրան գովաբանողների և քննադատողների: Այս ամենի շնորհիվ Գագիկ Ծառուկյանը դարձել է ամենահակասական քաղաքական կերպարը: Այո, հենց քաղաքական կերպար, քանի որ արդեն շատ դժվար է պատկերացնել հայ քաղաքական դաշտը առանց նրա: Բայց միաժամանակ և քննադատողներին, և գովաբանողներին հետաքրքրում է, թե ինչպե՞ս կվերադառնա Գագիկ Ծառուկյանը, ո՞ր թիմին կմիանա, ովքե՞ր կլինեն նրա կողքին:

 

Թվում է, թե այստեղ ոչ մի հարց չպետք է առաջանա. իհարկե, նա պետք է վերադառնա ԲՀԿ: Բայց Գագիկ Ծառուկյանի հապաղումը, ոչ հստակ պատասխանները, միաժամանակ ԲՀԿ ներկայացուցիչների հիստերիան ցույց է տալիս, որ Ծառուկյանը այնքան էլ չի վստահում իր երբեմնի թիմակիցներին: 2015 թվականի հայտնի դեպքերը ցույց տվեցին, որ արջի ծառայություն մատուցած ԲՀԿ-ն այնքան էլ վստահելի հենարան չի, իսկ արդեն գտնվելով ճգնաժամային վիճակում, նորից փորձում է իր կողմը գրավել Ծառուկյանին:

 

Ծառուկյանի վերջնական պատասխանը քաղաքականություն վերադառնալու հարցով առաջին հերթին ԲՀԿ-ի ներկայացուցիչների համար է կարևոր, քանի որ նրանք նույնպես վստահ չեն, թե ինչ որոշում կընդունի նա և նույնիսկ ԲՀԿ վերադառնալուց հետո արդյո՞ք որոշ մարդիկ կմնան ԲՀԿ կազմում: Միաժամանակ հարկ է նշել, որ Ծառուկյանի վերադարձին սպասում են այսպես կոչված մի շարք ընդդիմադիր “վառ” ներկայացուցիչներ: Ինչքան էլ նրանց կողմից քննադատություններ հնչեն նրա վերադարձի վերաբերյալ, ակնհայտ է, որ իրենք նույնպես կցանկանան լինել այդ դաշինքի կազմում:

 

Այսպիսով, քաղաքական դաշտը սպասման մեջ է, և Գագիկ Ծառուկյանի վերադարձը կկանխորոշի մի շարք ուժերի հետագա անելիքները:

 

Գ. Ա.