Անկախ նրանից, թե շատ հարցերում համաձայն եմ, թե ոչ ՌԴ ԱԳՆ Տեղեկատվական և լրատվության դեպարտամենտի ղեկավար Մարիա Զախարովայի տեսակետներին և մեկնաբանություններին, սակայն մշտապես հիանում եմ նրա անցկացրած բրիֆինգներով:
Նա գրագետ է, ճարտար, ճկուն, անկաշկանդ, արագ կողմնորոշվող, պետք եղած ժամանակ կտրուկ, փայլուն քաղաքագիտական, դիվանագիտական գիտելիքներ ունի: Մի խոսքով, սա այն դեպքն է, երբ մարդն իր տեղում է՝ լիարժեք…

 


Նրան չես համեմատի պսակիների կամ մյուս երկրների ԱԳՆ խոսնակների ու առհասարակ պաշտոնյաների և լրատվության պատասխանատուների հետ, որոնց գրեթե ոչ մեկը չի ճանաչում: Հետաքրքիր է, որ նա չի խուսափում և շատ հանգիստ, պարբերաբար՝ նույնիսկ շաբաթը մի քանի անգամ հարցազրույցներ, հանդիպումներ է կազմակերպում, հիմնականում տալիս խելացի, խորիմաստ պատասխաններ, գնահատականներ և մեկնաբանություններ:

 


ՌԴ ԱԳՆ խոսնակն արտակարգ տիրապետում է անգլերեն, չինարեն լեզուներին, ունի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի երկրորդ դիվանագիտական կարգ, Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ է, պատմական գիտությունների թեկնածու:
Մեր որոշ ղեկավարներ, պաշտոնյաներ, լրատվության պատասխանատուներ շատ բան ունեն սովորելու նրանից, որոնք լրագրողների տեսքից արդեն սարսափահար փախնում են կամ տալիս անտեղյակ ու այլամոլորակային, հաճախ նաև ծիծաղ առաջացնող պատասխաններ…

 

Ռոբերտ Մելքոնյան