Իրանը երբեմն ինչքան մեղմ է պատասխանում Ադրբեջանից մշտատես հնչող սպառնալիքներին' կապված հայ-իրանական հարաբերությունների զարգացման «անթույլատրելիության» հետ, այնքան Ադրբեջանն էլ ավելի է կոշտացնում հայտարարություններն ու «անցնում չափերը»: Սա ընդունենք ի գիտություն:

 


Այս անգամ Ադրբեջանը սպառնում է Իրանին' Իրան-Պակիստան սահմանի ապակայանուցմամբ:
Ադրբեջանում գործող Քաղաքական նորարարությունների եւ տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն, երեկ խոսելով Ղարաբաղի հակամարտության հարցում Պակիստանի դիրքորոշման մասին, նշել է, որ Իրանն այդ հարցում կարող է օրինակ վերցնել Պակիստանից:
Ապա շեշտելով Ադրբեջան - Պակիստան հարաբերությունների «որակը» և մեջբերելով այն, որ աշխարհագրական առումով չնայած հեռու լինելուն' այնուամենայնիվ Պակիստանը Ադրբեջանի ամենամոտ ռազմական գործընկերն է և բազմիցս հայտնել է իր հնարավորության սահմաններում Ադրբեջանին ցանկացած տիպի օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին, Մուբարիզ Ահմեդօղլուն նշել է, որ կարիք չկա Պակիստանին «մեջ գցել»' չեզոքացնելու համար Իրանի կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ:

 


Ըստ Ահմեդօղլուի խոսքերի' Իրանը պետք է հասկանա, որ շարունակելով զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ ռազմական համագործակցության ոլորտում, պետք է ցանկացած պահի պատրաստ լինի ստանալ պատասխան Պակիստանից տարբեր աշխարհագրական հատվածներում (ի նկատի ունի Իրան-Պակիստան սահմանի տարբեր հատվածները):
«Իսլամական աշխարհում սեփական հեղինակությունն ու իմիջը պահպանելու համար» ադրբեջանցիներն առաջարկում են Իրանին հանդես գալ «Հայաստանի կողմից Իրան-Ադրբեջան սահմանի մի հատվածն օկուպացնելու դեմ» եռակողմ' Իրան-Ադրբեջան-Պակիստան զորավարժություններ անցկացնելու նախաձեռնությամբ:

 

Արտյոմ Տոնոյան