Սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ «միջին» հայը բախվում է գաղափարախոսական, կրոնական և այլ բազմակարծության երևույթների հետ, հայտնվում է ապակողմնորոշվածության վիճակում, դժվարանում է այդ բազմակարծության մեջ կատարել ճշմարիտ ընտրություն, հաճախ նյարդայնանում է, դառնում է չարացած կամ էլ ընկնում է ազգամերժ աղանդների, գաղտնի ուխտերի գիրկը: Նրան պակասում է իրեն անծանոթ կամ խորթ արժեքների հետ համահաղորդվելու փորձառությունը, նա թշնամաբար է ընկալում իր ազգային կենսափորձին ու աշխարհընկալմանը խորթ, օտար վարդապետությունները, կենսաոճերը և արժեքները:

 


Հայ մարդու համար նախընտրելի են այն արժեքները, որոնք նրան ներարկել են մանկության տարիներից կամ ընտանեկան դաստիարակության ընթացքում: հետազոտական նյութերը վկայում են նաև, որ ուրիշ գաղափարախոսությունների , դավանանքների առկայությունը հասարակական կյանքում որոշ հայ մարդկանց մոտ առաջացնում է անվստահություն սեփական ազգային արժեքների, գաղափարների նկատմամբ: Միաժամանակ, հաղորդակցության զանգվածային միջոցնրի զարգացումը հանգեցրել է նրան, որ ազգի կամ խմբի համախմբվածությունը այլևս կախված չէնրանց գաղափարախոսությունների ներփակվածությունից: Ազգային գաղափարախոսությունը պետք է գործուն արձագանքի այդ մարտահրավերներին, ստեղծի նոր արժեքներ, պատկերացումներ՝ նոր իրադրությանը հարմարվելու համար: Գաղափարախոսական շարժունությունը, նորացումը անհրաժեշտ է:

 

Առհասարակ, մենք պետք է ձեռք բերենք բազմակարծ հասարակության մեջ ապրելու, ուրիշ այլ արժեքների, գաղափարների հետ շփվելու, ինքնուրույն վճիռներ կայացնելու, տարբեր գաղափարական դիրքորոշումների մեջ կողմնորոշվելու, ճշմարիտ ընտրություն կատարելու ունակություններ: Միայն գաղափարախոսական բանավեճերը, քաղաքական երկխոսությունները, դրանց տևական բնույթը հնարավորություն կտան հարգանքով վերաբերվելու այլ տեսակետներին, կնպաստեն փոխհանդուրժողականության մթնոլորտի ստեղծմանը:

 

Խոսքը անսկզբունք թողտվության, սեփական ազգային գաղափարական դիրքերից նահանջի, ազգային դիմագծի անդիմազրկման մասին չէ: Պետք է հասկանանք, որ ժողովրդավարական քննարկումները՝ ազգային գաղափարախոսության հիմնահարցերի շուրջ, ենթադրում են կարծիքների բազմազանություն, սեփական գաղափարախոսական դիրքերի վերասրբագրում: Հիշեք, որ հաճախ ճշմարտությունը մեկը չէ, առավել ևս ոչ մեկը օժտված չէ ճշմարտության մենաշնորհով:

Ամբաղ-զամբաղ կամ դժվարամարս գլանակի տևողությամբ .)

 

 

 

 

Արման Խաչատրյան