Հետևելով վերջին շրջանի լրահոսին' պետք է փաստել ՀՀ Արտգործնախարարության գործելաոճի շատ ավելի ակտիվ և համարձակ լինելու մասին: Միայն վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ուշագրավ հայտարարությունները, բազմաթիվ հանդիպումներն ու կարևոր ուղերձներն արդեն մեծ վստահություն են ներշնչում, որ Արտգործնախարարությունը իր գործառույթները պատվով է կատարում:
Այդ համարձակ արտաքին քաղաքականության վառ դրսևորումներից մեկը հանդիսացավ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի մասով Հայաստանի որդեգրած կեցվածքը: Այս ֆորումի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր, որ Ադրբեջանի հակամարդկային դրսևորումները հակասում քաղաքակիրթ աշխարհի բոլոր նորմերին, այնինչ ֆորումը անցակցվում է այդպիսի մի երկրում և այն պետք է չեղարկվի:

 

 

Նշվում էր նաև, որ Հայաստանը մերժում է Բաքվում անցկացվող ֆորումն իր ամբողջությամբ, ներառյալ՝ դրա արդյունքներն ու չի միանում ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին' այդ կերպ տապալելով հռչակագրի ընդունումը: Եվ նաև պետք է նշել, որ այս հայտարարության տեքստը ուղարկվեց ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի անդամ երկրներին։ Այս հայտարարությամբ և նաև Արտգործնախարարության և դեսպանատների ջանքերով շատ երկրներ իջեցրեցին իրենց մասնակացության մակարդակը այդ ֆորումին, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը, ընդհանրապես հրաժարվեց այցելել Բաքու և մասնակցել ֆորումին:
Սրան հետևեց Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը դատապարտող ԱԳՆ ևս մեկ հայտարարություն, որտեղ հստակ ձևով կոչ էր արվում միջազգային հանրությանը և մասնավորապես Մինսկի խմբին, կարգի բերել Ադրբեջանին, քանզի Բաքվին սթափեցնելու համար կոչերն ու հորդորները այլևս բավարար չեն, հարկավոր են հստակ քայլեր:

 


Ապա Հայաստան այցելեց Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովը, ով արտգործնախարար Նալբանդյանի հետ միասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ (Նալբանդյանը' ի տարբերություն նախորդ ասուլիսների, խոսում էր հայերեն, որն ամենևին էլ պատահական չէր, և համարձակ արտաքին քաղաքականության վառ արտացոլումն էր) մի քանի կարևոր ուղերձներ հղեց: Իր խոսքում Լավրովը նախ դատապարտեց Թուրքիայի վարքագիծը ապրիլյան առճակատման հետ կապված, նրա հայտարարությունները համարելով անթույլատրելի, քանի որ դրանք կոչ էին պատերազմի, այլ ոչ թե խաղաղության: ՌԴ արտգործնախարարը ընդգծեց նաև 1994-1995թթ. ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման և զինադադարի ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի կարևորությունը և դրանց անշեղ ու լիակատար իրականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև շեշտեց հետաքննության մեխանիզմի ստեղծման և վստահության միջոցների ամրապնդման հրատապության մասին միտքը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները, ինչպես նաև Հայաստանը ևս այդ դիրքորոշումն ունեն, իսկ դրան դեմ է միայն Ադրբեջանը: Երևանում Լավրովի հնչեցրած այս խոսքն էլ, եթե դիտարկում ենք հակամարտող կողմերի որդեգրած գործելաոճի և արված հայտարարությունների համատեքստում, ապա ամբողջովին պարզ է դառնում, թե ո՞վ է պատերազմի ձգտում, և ո՞վ խաղաղության, կամ ո՞ւմ դիրքորոշումն է համընկնում համանախագահ երկրների դիրքորոշումների հետ, իսկ ո՞ւմ դիրքորոշումը ոչ:

 


1994-1995թթ. զինադադարի մասին համաձայնագիրը հարցականի տակ դնող Ադրբեջանին ՀՀ Արտգործնախարարությունը երեկ ևս մեկ սթափեցնող կոչ արեց, հայտնելով, որ կրակի դադարեցման վերաբերյալ ապրիլի 5-ի բանավոր համաձայնությունը չի կարող փոխարինել 1994 թվականի մայիսի 12-ի համաձայնագրին, և Ադրբեջանի փորձերը փոխել այն' դատապարտված են անհաջողության, իսկ համաձայնագրերը վնասող ցանկացած քայլ լուրջ հարված է հասցնում խաղաղ գործընթացին, միջնորդների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին, խաթարում է տարածաշրջանային անվտանգությունը: Այս հայտարարության կարևորագույն շեշտադրումն էլ այն էր, որ ՀՀ-ն հաշվի առնելով Ադրբեջանի այս անպատասխանատու քայլից բխող հնարավոր վտանգավոր հետևանքները' և հանդիսանալով զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին 1994-1995թթ. գործող համաձայնագրերը ստորագրած կողմ, ձեռնարկելու է բոլոր հնարավոր ջանքերը և իրականացնելու է անհրաժեշտ քայլերը՝ Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության անվտանգության ապահովման համար։

 


Դե իսկ այս ընթացքում' դիվանագիտական ճակատում Ադրբեջանի հետ մղվող պատերազմում, ՀՀ Արտգործնախարությունը կարողացավ բավականին բարձր մակարդակով կազմակերպել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումը», որին իրենց մասնակցությունը բերեցին հարյուրավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից:
Բացի այդ ՀՀ արտգործնախարարն էլ իր հերթին այս ամենը համակարգելուց և ղեկավարելուց զատ, ընդունում էր նաև մի շարք հյուրեր և պատվիրակություններ:
Ամբողջացնելով ամենը' պետք է նշել, որ ՀՀ Արտգործնախարարության ամենօրյա անխոնջ աշխատանքը ցույց է տալիս այն հսկայական ջանքերը, որոնք ներդրվում են արտաքին քաղաքական ճակատում:

 

 

Հայոց Տուն