Դեռ մինչև վերջերս, հետևելով Րաֆֆի Հովհաննիսյանի շրջագայությանը ԱՄՆ-ում՝ մենք գիտեինք, թե Հայաստանում հեղափոխություն անելն արժի 50 հազար դոլար, որովհետև Րաֆֆին այնտեղ այդքան էր կարողացել հավաքել: Բայց օրերս, երբ Րաֆֆին մեկնեց Ֆրանսիա, պարզվեց, որ հեղափոխության գինը 50 հազար չէ, այլ ավել է, 50 հազարը քչություն կանի:

 


Րաֆֆիին Փարիզում շտապ փող հավաքել էր պետք, ուստի ըստ մեր աղբյուրների՝ մեր հեղափոխական առաջնորդը այնտեղ կապնվել է «Նոր Հայաստանի» բարեկամ-հովանավորներից Շանթ Ոսկերչյանի հետ, ով Րաֆֆիի համար դահլիճ է վարձել, որպեսզի վերջինս այնտեղ հանդիպում անցկացնի տեղի հայերի հետ: Ում կարողացել՝ հրավիրել են, բայց արի ու տես՝ հսկայական դահլիճում ընդամենը 35-40 մարդ է հավաքվել:

 


Բայց դե մեր Րաֆֆին սովոր է քիչ մարդկանց առջև ելույթներ ունենալուն և 35-40-ն էլ են նրա համար լուրջ թիվ, ուստի սուր քաղաքական ելույթ է ունեցել, բողոքել է ՀՀ իշխանություններից, ընդգծել է Հայաստանում հեղափոխություն անելու անհրաժեշտությունը և ասել է, որ այդ հեղափոխություն անող «փրկիչը» ինքը կարող է լինել, իսկ իրեն դրա համար փող է պետք, փող, միայն փող:
Արդյունքում հանդիպում-դրամահավաքը անցել է ապարդյուն, քանզի ներկա գտնվող հայերը հիմնականում եղել են սոցիալապես անապահով խավից:

 

Սարգիս  Բալայան