Իդա (Անահիտ) Վարդանի Ադամյանցը (Ադամովա)' հայազգի առաջին պրոֆեսիոնալ թենիսիստուհին է, որը մասնակցել է պաշտոնական միջազգային մրցաշարերում, այդ թվում նաև հանրահայտ «Ուիմբլթոն»-ին:

Իդա Ադամյանցը ծնվել է Մոսկվայում 1910 թվականին' պետական ծառայող Վարդան Ադամյանցի ընտանիքում: Բոլշևիկյան հեղաշրջումից հետո, 1918-ին Ադամյանցների գերդաստանը հեռանում է Ռուսաստանից և հաստատվում Փարիզում: Այստեղ Իդան սկսում է հաճախել մեծ թենիսի խմբակ: 1930-ականների սկզբից Իդա Ադամյանցը դասվում է արդեն Ֆրանսիայի լավագույն թենիսիստուհիների շարքին:

 

 

Այդ ժամանակահավածում Իդան մշտապես մասնակցել է բազմաթիվ եվրոպական երկրների բաց առաջնություններին: Նրա ամենախոշոր նվաճումներն են հանդիսացել' 1929 և 1930 թթ. Իսպանիայի բաց առաջնության հողթող, 1931-ին' Հոլանդիայի և Բեռլինի, 1932-ին' Իտալիայի և Ռումինիայի բաց առաջնությունների հաղթող: Իդան մասնակցել և հասել է մինչև կիսաեզրափակիչ «Ուիմբլթոն»-ի (Անգլիա) և մինչև եզրափակիչ' «Ռոլան Գարոս»-ի (Ֆրանսիա) թենիսի մրցաշարերում:

1930-ականների վերջին նա ավարտում է իր սպորտային կարիերան, ամուսնանում ֆրանսիացի Կլոդ Բուրդյեի հետ և ունենում երեք զավակ: Իդա Ադամյանցը մահացել է 1993 թ. Փարիզում:

 

 

Ռուբեն Շուխյան