Երկրում պառլամենտարիզմի կայացումն ու զարգացումը սահմանադրական բարեփոխումների առանցքային խնդիրներից է: Սա հիմնական ուղին է ժողովրդավարական և իրավական պետության կայացման համար: Համեմատելով գործող և առաջարկվող սահմանադրությունները, նշենք՝ գործող Սահմանադրության գլխավոր բացն այն է, որ նվազագույնի է հասցված խորհրդարանական փոքրամասնության դերակատարությունը: Սահմանադրական օրենքների ինստիտուտի բացակայությունը փոքրամասնությանը զրկել է օրենսդրական քաղաքականության վրա որևէ իրական ազդեցությունից: Նման վիճակ առկա է նաև Ազգային ժողովի վերահսկողական լիազորությունների իրացման հարցում:

 


Նշենք, որ պառլամենտարիզմի մշակույթը քաղաքակիրթ երկխոսության մշակույթ է, որի արմատավորման իրավական նախադրյալները սահմանադրական ամրագրում պետք է ստանան:
Առաջարկվող սահմանադրական բարեփոխումները, մասնավորապես, նախատեսում են.
-մեծացնել ԱԺ-ի դերը պետական իշխանության ու կառավարման մարմինների ձևավորման գործում
-ընդլայնել ԱԺ-ի վերահսկողական լիազորությունների շրջանակները
-ամրապնդել ԱԺ-ի խմբակցությունների դերը օրենսդրական գործողության բնագավառում
-ամրապնդել խորհրդարանական փոքրամասնության իրավունքների սահմանադրական երաշխիքները:

 


Հարկ է նշել, որ Սահմանադրության նոր նախագիծը լայն հնարավորություններ է տալիս նաև ընդդիմությանը: Նախատեսում է ԱԺ մարմիններում ընդդիմության ներկայացուցչություն, մասնավորապես' ԱԺ երեք փոխնախագահներից մեկի պաշտոնի վերապահում քաղաքական փոքրամասնությանը:

 

Էրիկ Միլլեր