Տեղեկատվական-քարոզչական, ինչպես նաև քաղաքական հարթություններին զուգահեռ՝ վերջին 2 օրերի ընթացքում կարևոր զարգացումեր են գրանցվել նաև սիրիական ռազմադաշտում: Բանն այն է, որ սիրիական բանակային ստորաբաժանումներն իրենց առանցքային հենակետերն են կորցրել միաժամանակ 2 նահանգներում՝ հյուսիս-արևմտյան Իդլիբում և արևելյան Դիր ալ-Զուրում:
Այսպիսով, նախ սեպտեմբերի 9-ին Սիրիայում «ալ-Կաիդայի» ճյուղավորումը հանդիսացող «ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման գլխավորությամբ, սիրիական հակակառավարական մի շարք կազմակերպություններ Իդլիբում կառավարական ուժերից գրավեցին Աբու ալ-Դուհուր ռազմավարական նշանակության ավիաբազան՝ գերելով այն պահպանող սիրիական բանակի տասնյակ զինծառայողների, ինչպես նաև պատկառելի քանակությամբ զինտեխնիկա և սպառազինություն:

 

Ի դեպ, շուրջ 3 տարի շարունակ պաշարման մեջ գտնվող Աբու ալ-Դուհուր ավիաբազայի գրավման գործողությունը վերջապես հաջողությամբ պսակվեց հատկապես վերջին օրերին Մերձավոր Արևելքին պատուհասած հսկայածավալ փոշե փոթորիկի պատճառով, որն էական խոչընդոտներ էր ստեղծել տևական ժամանակ ռազմական օբյեկտի պահապաններին աջակցող սիրիական ՌՕՈՒ ստորաբաժանումների համար՝ փաստացի անհնարին դարձնելով նրանց միջմտությունը ռազմական գործողություններին: Այս իրողությունը նշանակում է, որ սիրիական բանակը կորցրեց ոչ միայն ռազմավարական առանցքային նշանակություն ունեցող հերթական ռազմական օբյեկտն, այլև իր կարևորագույն վերջին հենակետը վարչակարգի համար այնքան կարևոր Հալեպ, Համա, Լաթակիա նահանգների անմիջական հարևանությամբ գտնվող Իդլիբ վարչական շրջանում, որտեղ ամբողջական վերահսկողությունը հետայսու պատկանում է Թուրքիայի ուղղակի հովանավորությամբ գործող մի շարք հակակառավարական, նաև իսլամական ծայրահեղ արմատական ռազմականացված խմբավորումներին:
Հաջորդ գործողությունը՝ սեպտեմբերի 10-ին, արդեն «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպության կողմից այս դեպքում ևս վերջնականապես գրավվեց Դիր ալ-Զուր նահանգի համանուն վարչական կենտրոնի մոտակայքում սիրիական բանակի օդուժին պատկանող ռազմաբազան, որը կառավարական ուժերի հիմնական հենակետն էր երկրի արևելքում:

 


Վերոնշյալ գործողությունը, փաստորեն հնարավորություն է ընձեռում ԻՊ-ին՝ ամբողջությամբ միավորելու սեփական վերահսկողության ներքո գտնվող Սիրիայի արևելյան և Իրաքի արևմտյան հատվածները:
Այսպիսով, վերոնշյալ ռազմագործողությունների արդյունքում սիրիական հակակառավարական տարբեր խմբավորումների անմիջական վերահսկողության տակ են անցել ՍԱՀ օդուժին պատկանող 9 ավիաբազաներ, իսկ վարչակարգին ենթակա ուժերի տրամադրության տակ դեռևս շարունակում են մնալ թվով 14 ՌՕՈՒ գործող օբյեկտներ:

 

Արմեն Պետրոսյան