Նախկին արտգործնախարար, նախկին ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը հուզախռով ուղերձ է հղել առ այն, որ Սփյուռքի հայաշատ համայնքներից մեկում Ցեղասպանության 100-րդ տարելիցի գլխավոր միջոցառմանը իր ելույթի հրավերը Հայաստանի դեսպանության կողմից չեղարկվել է:


Միանգամայն համաձայն ենք նախկին արտգործնախարարի հետ, որ այնքան էլ շատ չեն մարդիկ, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով և օտար լեզվի իմացությամբ կարող են միջազգային հանրությանը պատշաճ ներկայացնել մեր համազգային խնդիրը: Առավել ևս, որ դա իշխանության կամ որևէ անձի սեփականությունը չէ: Վարդան Օսկանյանի կարծիքով իշխանությունները խոչընդոտում են անգամ ինքնաբուխ արված հրավերը՝ բացառապես ներքաղաքական և անձնական շարժառիթներով:


Նախ, դեռևս պարզ չի, թե որքանով է իրականությանը համապատասխանում այս ամենը, քանի դեռ պաշտոնական արձագանք չկա: Եվ ապա, մեկ տարի շարունակ նույն Վարդան Օսկանյանը սփյուռքի խոշոր համայնքներում դեմքի սիվիլիթասյան արտահայտությամբ վարկաբեկում էր Հայաստանի իշխանություններին ու միաժամանակ Հայաստանի հեղինակությունը՝ ներկայացնելով Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի քաղաքական ու անձնական ամբիցիաները՝ ոչ մեկ անգամ չհիշատակելով Ցեղասպանության մոտալուտ տարելիցն ու համազգային խնդիրները: Փաստորեն նրա հայրենասիրությունը պոռթկացել է միայն այն ժամանակ, երբ խաղից դուրս է մնացել: Իսկ գուցե սփյուռքի իրեն շատ ծանոթ այդ համայնքում են որոշել հրավերը նպատակահարմար չհամարել, Օսկանյանի երբեմնի «անաչառ, անաղարտ» կերպարը չխաթարելու համար՝ հիշելով նրա վերոհիշյալ ելույթները, գուցե նաև մարտի 1-ը, «մույս» կերպարանափոխությունները:


Հ.Գ. Ուինսթոն Չերչիլը համարում էր, որ «Դիվանագետը մարդ է, ով մինչև ոչինչ չասելը երկու անգամ պետք է մտածի»: Քանի որ Վարդան Օսկանյանը շարքային դիվանագետ չէ, ապա կարծում ենք, որ չէր խանգարի, եթե նա որևէ կամ ոևէ բան ասելուց առաջ էլ մտածեր, և ոչ երկու անգամ:

 

 

Արման Ղարիբյան