Հասկանալու համար, թե առաջիկայում ինչպիսին է լինելու հայաստանյան ներքաղաքական դաշտը, հարկավոր է քննության առնել հիմնական դերակատարների շահերն ու հիմնական քաղաքական նպատակները: Այսպիսով' առավել կարևոր դրվագն այս պահին, հասկանալի է, որ ընդդիմության մի կարևոր հատվածի' եռյակի, եթե այդպիսին դեռ պահպանվել է, ճակատագիրն է: Թեև, քանի դեռ պաշտոնապես չի հայտարարվել այդ կառույցի լուծարման մասին, այն գոնե ֆորմալ առումով գոյություն ունի: Սա կարևոր հանգամանք է:


Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ եռյակ այլևս գոյություն չունի, բայց այդ հայտարարությունը պայմանավորված էր հասարակության' տվյալ պահին վերահսկողությունից դուրս մնացած ընդդիմադիր հատվածին իր կողմը գրավելու ակնկալիքով ու եթե առաջիկայում եռյակի մյուս անդամները վերսկսեն իրենց գործողությունները, Ր. Հովհաննիսյանը, ամենայն հավանականությամբ կմիանա նրանց:


Գագիկ Ծառուկյանի' ակտիվ քաղաքականությունը լքելուց հետո ԲՀԿ-ն հայտնվել է անորոշ վիճակում: Փաստացի, կուսակցության գործարար թևի պատգամավորները լքում են ԲՀԿ-ն, ինչը, նշանակում է, որ նրանց ազդեցությունը ԲՀԿ-ի որոշումների կայացման գործընթացի վրա կնվազի: Քաղաքական թևի ներկայացուցիչները այլ ելք չեն ունենա, քան մոբիլիզացնել մնացած ուժերը և պահպանել կուսակցությունը: Այս տարբերակը ձեռնտու է նաև իշխանություններին, քանի որ ընդիմադիր տրամադրված հասարակության դաշտը լրացնելու անհրաժեշտություն է առաջանում: Այլապես, առաջացած վակուումային իրավիճակից կարող են օգտվել տարբեր ռադիկալ ուժեր, ինչն էլ կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների ոչ միայն իշխանությունների, այլև պետության համար:


Իսկ ԲՀԿ-ի այժմյան քաղաքական թևին ընդդիմադիր դաշտում գործելը հարկավոր կլինի իր ընտրազանգվածի գոնե մի մասը հետ բերելու համար: Իշխանությունների հետ համագործակցելու պարագայում ողջ ընդդիմադիր հասարակությունը կհիասթափվի ԲՀԿ-ից, իսկ իշխանամետ զանգվածը արդեն ԲՀԿ-ի հետ չէ, քանի որ ԲՀԿ-ն իշխանական դաշտից արդեն շուտվանից է տեղափոխվել ոչ իշխանական դաշտ:


ՀԱԿ-ի ռազմավարության մեջ փոփոխությունը քիչ հավանական է: Հատկապես ԲՀԿ-ի հետ հարաբերությունները, կարծում եմ, շարունակվելու ներուժ ունեն, քանի որ այս պարագայում երկու կուսակցություններին էլ առավել քան երբևէ միմյանց օժանդակությունը հարկավոր է: Հնարավոր է, որ շահերի այդ համընկնումը հիմք հանդիսանա նաև եռյակի հետագա գործունեության համար: Բայց պետք է նկատի ունենալ, որ առանց Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորման ու ԲՀԿ-ի գործարար շերտի պատգամավորների, այս «Նոր եռյակի» հնարավորությունները խիստ սահմանափակ կլինեն:


Եռյակի վերականգնումը ընդդիմադիր քաղաքական ուժերին կբաժանի երկու մասի' մի կողմից կլինի եռյակը' որպես առաջատար ընդդիմադիր ուժ, մյուս կողմից կլինեն մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք քաղաքական դաշտում առաջնայնություն ստանալու համար կսկսեն քննադատել ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու «Ժառանգության» գործունեությունը: Թե ՀՅԴ-ն, թե ՕԵԿ-ը, թե «Հիմնադիր խորհրդարանը» կհայտնվեն ընդդիմության ընդդիմության դերում: Կառաջանա իրավիճակ, որը ձեռնտու է իշխանություններին:


Բայց, ի տարբերություն եռյակի առաջվա ռադիկալ դիրքորոշման, «Նոր եռյակը» կսահմանափակվի չափավոր ընդդիմադիր կեցվածքով ու առավել քան ակնհայտ կլինի նրա' հերթական ընտրությունների պատրաստվելու գործընթացը:

 

 

 Դավիթ Պետրոսյան