Ես չգիտեմ հայաստանյան երեկվա, այսօրվա և վաղվա իրավիճակից ելքը, բայց ես գիտեմ, թե ինչ չի կարելի անել. չի կարելի «խաղադրույք» դնել Ծառուկյանի վրա՝ համակարգի հարազատ անդամը չի կարող դեմ գնալ համակարգին: Դա նույնն է, թե որևէ մեկը փորձի խռովություն անել սեփական ընտանիքում: Չի կարելի վարչակազմից ազատվելու համար «շահարկել» Ցեղասպանության 100-ամյակը. այն սրբություն է բոլոր հայերի համար, ինչը վեր է վարչակազմի դեմ պայքարի խնդրից, հատկապես որ դա դրոշ դարձրած կազմակերպությունը չկարողացավ հաղթանակի հասնել առանձին օլիգարխի դեմ մղած պայքարում:

 

Չի կարելի սեփական երկրի օրինավորության հաստատման համար պայքարում ոտնակոխ անել այդ երկրի առանձին անձանց իրավունքները. այդպես չի ստացվի, ընդամենը կստացվի մարդկանց տարբաժանում և թշնամացում: Չի կարելի սեփական երկրի օրինավորության հաստատման հույսը դնել հյուսիսի կամ արևմուտքի աջակցության վրա՝ դա նրանց չի հետաքրքրում կամ հետաքրքրում է այնքան, որքան կհամապատասխանի իրենց երկրների շահերին:

 

Միաժամանակ չի կարելի ձգտել սեփական մայրաքաղաքում «Մայդանի» կազմակերպմանը՝ թուք ու մուր քսելով մեկ այլ երկրի «մայդանցիներին». այդպես չի լինում, դուք սպանում եք «Մայդանի» գաղափարը: Իսկ եթե այն ընդունելի չէ, ապա պետք է ձերբազատվել մինչև վերջ գնալու մտքից. դուք իշխանություն չեք ու զենք ու զինվոր չունեք: Երևի կարելի է շարունակել այս «չի կարելիների» շարքը, բայց չգիտեմ թե ինչ կմնա տակը, որ «կարելի լինի». եթե այնուամենայնիվ գտնենք այն՝ դա կլինի մեր ընդհանուր հաղթանակը:

 

 

 


Վախթանգ Սիրադեղյան