Երբ մարդ փոխում է կուսակցական պատկանելիությունը, ապա քիչ թե շատ հասկանալի է, ասենք, փոխվել են նրա քաղաքական հայացքները: Բայց երբ կուսակցությունը, որը կոալիցիա էր կազմում, իրենց հանկարծ, հանկարծակի հայտարարում է ընդդիմադիր, այլընտրանք կամ ուրիշ մի բան, որը ձգտում է ամբողջական իշխանափոխության, հարցեր են առաջանում: Օրինակ, եթե ձեզանից տարիներ են պահանջվում հասկանալու, որ իշխանությունները ի վնաս երկրի են աշխատում, և միայն նրանց հետ մի քանի տարի աշխատելուց հետո եք հասկանում, որ այսպես շարունակել չի կարելի, ապա ինչու՞ ձեզ պետք է վստահի հանրությունը, որն առանց ձեզ էլ այդպես է մտածում արդեն մի քսան տարի:


Մեկ ուրիշ հարց. եթե դուք իշխանության մաս կազմելով չեք կարողացել ձեր պատկերացումներով կազմակերպել ձեզ վստահված կամ ձեզ բաժին հասած ոլորտները, ապա ինչու՞ եք մտածում, որ կարող եք բոլոր ոլորտները կառավարել: Կամ ինչու՞ եք մտածում, որ մենք ենք մտածում, թե դուք կարող եք, ո՞վ է ձեզ ասել:


Մի հարց էլ. դուք մեզնից ձայն եք ուզում ընտրությունների ժամանակ, մենք տալիս ենք, հետո այդ ձայները, ինչպես դուք եք ասում' կեղծվում-մսխվում-գրվում են ուրիշների վրա, կամ էլ եսիմ ինչ են լինում, ո՞վ է մեղավոր, մե՞նք, որ ձեզ ենք տվել մեր քվեն, թե՞ դուք, որ չեք կարողանում տեր կանգնել ձեր իսկ ուզածին ու ձեզ տվածին: Ոնց-որ երեխան հորից հեծանիվ ուզի, հայրը նվիրի, երեխան ընկնի ծունկը ջարդի, հորն ասի'դու ես մեղավոր... Հիմա ո՞վ է անչափահաս: Եվ պետք չի մարդկանց հանել փողոց, հրապարակ, ոստիկանի դեմ, ասելով, որ քաղաքացիները պետք է տեր կանգնեն իրենց ձայնին. քաղաքացին որ կուսակցությանն իր ձայնը տվեց, այդ կուսակցությունն էլ պետք է տեր կանգնի ընտրողի քվեին, թող կուսակցությունն իր անդամներով գնա ու կանգնի հրապարակում, ոստիկանի հետ կռիվ տա, իշխանությունների հետ բանակցի... որովհետև ՔԱՂԱՔԱՑՈւ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԱՍՆԱԿՑՈւԹՅՈւՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅԱՆԸ ՎԵՐՋԱՆՈւՄ Է ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՎ, դրանից ավելի նրանից պահանջելը կուսակցության թուլության նշան է:

 

 

Մովսես Դեմիրճյան