Ինչու՞ է Եգիպտոսն արգելում սեփական քաղաքացիներին մեկնել Թուրքիա, կամ եգիպտական իշխանությունները հերթական անգամ «մեկ կրակոցով երկու նապաստակ են խփում»


Եգիպտոսի իշխանությունները բավականաչափ հետևողականություն են ցուցաբերում՝ սեփական քաղաքացիների կողմից Սիրիայում և Իրաքում գործող իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունների շարքերի համալրումը կանխելու հարցում: Այսպես, նրանք խստագույն սահմանափակումներ են մտցրել 18-40 տարեկան այն եգիպտացիների համար, ովքեր ցանկանում են մեկնել ոչ միայն վերոնշյալ արաբական պետություններ, այլ նաև՝ Թուրքիա, քանի որ հատկապես թուրք-սիրիական, ապա նաև թուրք-իրաքյան սահմանները առնվազն 3 տարի շարունակ որպես տարանցիկ գոտի են ծառայում իսլամականների համար: Այսպիսով, հետայսու վերոնշյալ տարիքային խմբին պատկանող եգիպտացիները նաև Թուրքիա մեկնելու համար պետք է ստանան Արաբական Հանրապետության հատուկ ծառայությունների պաշտոնական թույլտվությունը. այս համատեքստում, միայն վերջին մի քանի օրերի ընթացքում Կահիրեի միջազգային օդանավակայնից շուրջ 200 ուղևորի արգելվել է ուղևորվել Թուրքիա:


Ինչ խոսք, եգիպտական իշխանությունների նման քաղաքականությունն, իհարկե, իդեալական չէ, մինչդեռ, այնուամենայնիվ, որոշակի կերպով կարող է նպաստել եգիպտացիների կողմից՝ իսլամականների շարքերը համալրելու փորձերի նվազեցմանը: Իհարկե, Սիրիա և Իրաք մեկնել ցանկացողները կարող են այնտեղ հասնել նաև Լիբանանի և Հորդանանի տարածքներով, քանի որ զինյալներ հավաքագրող իսլամականների ցանցերը լայնորեն գործում են նաև Սիրիային սահմանակից վերոնշյալ արաբական երկրներում, կամ էլ՝ պարզապես կարող են գնել եգիպտական հատուկ ծառայությունների կողմից տրամադրվող անհրաժեշտ փաստաթուղթը, ինչի հնարավորությունը, բնականաբար, մեծ է այդ երկրում առկա բավականին բարձր կոռուպցիայի պայմաններում:


Իսկ Թուրքիայի պարագայում նման արգելքի կիրառումը տեղավորվում է 2013 թ. երկրորդ կեսից բավականաչափ սրված եգիպտաթուրքական հարաբերությունների տրամաբանության մեջ: Այն նախ և առաջ քարոզչական նպատակ է հետապնդում՝ հերթական անգամ ի ցույց դնելով Անկարայի աջակցությունը և համագործակցությունը տարաբնույթ ծայրահեղական կառույցների հետ, մյուս կողմից՝ հնարավորինս նվազագույնի է հասցնում շփումները Թուրքիայի հետ անգամ քաղաքացիական մակարդակով՝ իր բոլոր տրամաբանկան հետևանքներով:


Փաստորեն, հերթական անգամ եգիպտական իշխանությունները «մեկ կրակոցով երկու նապաստակ են խփում»:

 

 

Արմեն Պետրոսյան