Թուրքիայի հավակնոտ ծրագրի ընթացքը շարունակվում է: Ըստ թուրքական լրատվամիջոցների պարզվում է' «Թուրքիան պատրաստվում է հիմնել իր 82-րդ նահանգը», բայց իր տարածքից դուրս, ոչ ավել ոչ պակաս' «տիեզերքում»: Թուրքիայում պաշտոնապես հաստատված և արդեն իսկ մեկնարկը տրված «Տիեզերական ծրագրի» շրջանակում նախատեսվում է ԱՄՆ ՆԱՍԱ-ի նմանությամբ հատուկ տիեզերական կայան ստեղծել: Հաջորդ տարի ՆԱՍԱ-ի ու Եվրոպական տիեզերական գործակալության հետ համատեղ պատրաստվելու են թուրք մասնագետները, ավելի ուշ' սեփական տիեզերագնացներն, իսկ 2030 թ. նախատեսվում է սեփական տիեզերանավն ուղարկել տիեզերք: Մի խոսքով Թուրքիայի հավակնությունները գնալով մեծանում են, այլ հարց է, թե դրանք որքանով կարող են ամբողջությամբ իրականանալ:

 


Դեռևս 2001 թ. մարտին Թուրքիայի կառավարությունը որոշում էր կայացրել «Թուրքական տիեզերական կազմակերպության» ստեղծման մասին (Türk Uzay Kurumu): Ի կատարումն այդ որոշման' ռազմաօդային ուժերի հրամանատարությունը ձեռնամուխ եղավ խորհրդի կազմակերպման ու օրենսդրական դաշտի ստեղծման ուղղությամբ, և 2002 թ. ընդունվեց «Ազգային տիեզերական գործակալության մասին» օրենքը:

 

 

Նույն թվականին այդ նպատակներով հատկացվեց շուրջ 250 մլն դոլար: Թուրքիայի «Ազգային տիեզերական հետազոտությունների նախագիծը» 2005 թ. մշակվեց Թուրքիայի գիտության և տեխնոլոգիայի բարձրագույն խորհրդի կողմից, ապա հաստատվեց անվտանգության խորհրդի կողմից, հետագայում լայնորեն ուսումնասիրության ենթարկվեց Պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստերում: Ծրագրի իրականացումը դրվեց Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների կազմակերպության (TÜBITAK) վրա, որը պետք է համագործակցի բանակի գլխավոր շտաբի, օդուժի հրամանատարության, տրանսպորտի նախարարության, ինչպես նաև գիտահետազոտական հիմնարկների հետ:

 

 

 

Լևոն Հովսեփյան