Ֆուտբոլի աշխարհի քսաներորդ առաջնությունն արդեն պատմություն է, սակայն դրա հետ կապված իրադարձությունները շարունակվում են քննարկվել:
Քիչ առաջ թերթում էի համաշխարհային մամուլն ու մի շարք առաջատար պարբերականներում հանդիպեցի հոդվածների, որոնցում քննարկվում էր Լիոննել Մեսսիին առաջնության լավագույն խաղացող ճանաչելու օբյեկտիվությունը:

 


Մեսսիի մասին իմ կարծիքը հայտնի է. ես նրան համարում եմ ֆուտբոլային հանճար՝ նրա անունը դնելով Պելեյի, Մարադոնայի, Զիդանի անունների կողքին:
Շատերը կուզեին, որ այս առաջնությունը Լիոնելինը լիներ, որովհետև, ինչպես լեգենդար Մարադոնան էր արտահայտվել, չեմպիոնության դեպքում՝ Մեսսին կհավասարվեր իրեն:
Բայց ֆուտբոլը թիմային խաղ է, գնդակը՝ կլոր: Բրազիլիայում հաղթեց ոչ թե կոնկրետ ֆուտբոլիստ, այլ թիմ, որն արժանի էր դրան:

 


Ի վերջո, էլի կան համաշխարհային աստղեր, որոնց վիճակված չի եղել դառնալ աշխարհի չեմպիոն: Իսպանիայի հավաքականը չեմպիոն դարձավ իր ու Մադրիդի ՙՙՌեալի՚՚ երկարամյա ավագ Ռաուլի ֆուտբոլային կենսագրության մայրամուտին, երբ ֆուտբոլային այդ լեգենդն արդեն հավաքական չէր հրավիրվում:
Ավարտված առաջնությունն ակնհայտորեն Մեսսիինը չէր. նա միայն էպիզոդիկ էր ցույց տալիս այն ֆուտբոլը, որը մենք տեսել ենք ՙՙԲարսելոնայում՚՚:

 


Այս առաջնությունը գերմանացիներ Մյուլլերինը, Կրոոսինը, Շվայնշտայգերինը, կոլումբիացի Ռոդրիգեսինն էր:
... Բայց Մեսսիին տվեցին լավագույն խաղացողի ՙՙՈսկե գնդակը՚՚:
Ու կարծում եմ, որ նա նույնպես հիասթափված է այդ որոշումից, ինչն ակնհայտորեն երևում է ներքում պատկերված լուսանկարից:

 


Լիոնելն այն ֆուտբոլիստը չէ, ով լավագույնը ճանաչվելու խնդիր ուենա՝ նպատակահարմարության կամ մխիթարվելու սկզբունքից ելնելով:
Դա նման է հրաժեշտի ժեստի, իսկ Մեսսին դեռ 27 տարեկան է ու դեռ կարող է խոսք ասել աշխարհի առաջնություններում...

 

 

Սուրեն Սուրենյանց