Օրեր առաջ իսրայելական մի շարք լրատվամիջոցներ, հղում կատարելով Reuters լրատվական գործակալությանը, հաղորդել էին, որ Իսրայելը դարձել է քրդական «ապօրինի նավթի» առաջին գնորդը:
Մինչդեռ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, թե «նավթը գուցե և ուղարկվել է Իսրայել, բայց այն պատկանում է ուրիշին»՝ այդպես էլ չբացահայտելով քրդական «սև ոսկու» իրական հասցեատիրոջը: Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարության (ԻՔՏԿ) էներգետիկ հարցերով պաշտոնական պատասխանատուն ևս հերքել է, այն հանգամանքը, թե Հրեական պետությունն է ձեռք բերել նավթը քրդական նոր նավթամուղից:

 


Փաստորեն, բավանաչափ խառը պատմություն է ստացվում. ցայժմ վերջնականապես պարզ չէ՝ արդյոք նավթը նախատեսված էր իսրայելական նավթավերամշակման ձեռնարկությունների համար (քանի որ իսրայելական կողմը համառորեն չի պարզաբանում հարցը) թե ժամանակաորապես Աշքելոնում կայանելուց հետո բեռնանավը ուղղություն կվերցնի դեպի Թուրքիա, կամ գուցե այլ ուղղությամբ…

 


Մի բան անհերքելի է, որ Իրաքում ստեղծված իրավիճակը բավականաչափ լայն հնարավորություններ է ստեղծում նախ ԻՔՏԿ-ի համար՝ առավել ինքնուրույն տնտեսական քաղաքականություն վարելու, մյուս կողմից՝ արտաքին որոշ խաղացողների՝ քրդական նավթն արտոնյալ գներով ձեռք բերելու հարցում (մինչ այս, Իրաքյան Քրդստանի տարածքում արտահանվող նավթի հիմնական գնորդն էր հանդիսանում Թուրքիան, նաև՝ Իսրայելը):
Մինչդեռ այս ամենում ևս մի հետաքրքրական հանգամանք կա՝ որպես տարանցիկ ուղի՝ իսրայելական Աշքելոն նավահանգստի ընտրությունը:

 

Այս հարցի ամենատրամաբանական բացատրությունն այն է, որ իրաքյան կառավարությունն արդեն իսկ դատական սանկցիաներով է սպառնացել քրդական ապօրինի նավթի պոտենցիալ գնորդներին, և նման պայմաններում Իսրայելն ամենահարմար պետությունն է, որի դեմ Բաղդադը որևէ էական քայլ չի կարող ձեռնարկել, քանի որ Թել Ավիվն, ի տարբերություն ԱՄՆ-ի, եվրոպական և մի շարք պետությունների, ոչ մի պարտավորություն չունի Իրաքից նավթի ներկրման հարցում, երկու երկրների միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, և, բացի այդ, Բաղդադը մասնակցում է Հրեական պետության դեմ հայտարարված համաարաբական բոյկոտին:

 

 

Արմեն Պետրոսյան