Այն զույգերը, որոնց հաջողվում է մտերմության որոշակի աստիճանի հասնել' առանց վնասելու սեփական ինքնուրույնությունը և սովորել լուծել կոնֆլիկտները, առավել արդյունավետորեն են իրականացնում ծնողական դերերը: Զույգերին դա հաջողվում է այն դեպքում, երբ մինչամուսնական մտերմության փուլը տևում է գոնե մեկ տարի, որի ընթացքում նրանք կարողանում են հասնել որոշակի փոխըմբռնման: Անցումը ծնողական դերին սկսվում է երեխա ունենալու ցանկությունից: Կանայք հաճախ են ամբիվալենտ զգացմունքներ տածում երեխաների նկատմամբ: Ծնողավարության անցումը ընտանեկան ցիկլի հիմնական փուլերից մեկն է: Հաճախ այդ դերն ընդունվում է մշակույթի ճնշման տակ, քանի որ այն պահանջում է անձնական կյանքի բավականին մեծ սահմանափակումներ:

 

Երիտասարդները հասկանում են, որ երեխայի ծնունդի հետ մեկտեղ նրանք ստիպված են լինելու հրաժարվել ազատ ժամանակի անցկացման սովորական միջոցներից: Բացի այդ, մարդկանց մեծամասնությունը գիտակցում է, որ ծնողական դերը փոփոխման ենթակա չէ. այն իրականացվելու է ողջ կյանքի ընթացքում: Հղիության ընթացքում երկու ծնողներն էլ պետք է իրենց կյանքի մեջ լուրջ փոփոխություններ մտցնեն: Փոփոխման են ենթակա օրվա ռեժիմը, տնային պարտականությունների վերաբաշխումը և այլն: Այս շրջանում ամուսինները սովորաբար հուզականորեն միմյանց օգնում են: