Լուսանկարում գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի հրամանատարությամբ գործող խաղաղապահ բրիգադի վաշտերից մեկի հրամանատար, կապիտան ԱՐՏԱԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ է: Խաղաղությունը յուրաքանչյուրիս համար իր ուրույն դիմագիծն ունի: Արտակի համար խաղաղությունը ասոցացվում է այս պատմության հետ.


-Մի անգամ հրահանգիչների խմբով գնացինք առաջադրանք կատարելու Արչի նահանգի գյուղերից մեկում: Տեղի բնակիչները երեւի տարիներով մեքենա չէին տեսել, խաղապահները խուսափում էին այս տարածք մտնել, վտանգավոր էր: Մենք որոշեցինք կանգ առնել: Դուրս եկանք մեքենայից, եւ մեր շուրջը հավաքվեցին երեխաներ, բոլորն էլ վարակված էին մաշկային հիվանդություններով: Վախվորած հարց ու փորձ էին անում, կարծես' այլմոլորակայիններ լինեինք: Նրանք հեռու էին քաղաքակրթությունից եւ անտեղյակ, թե ինչ է կատարվում աշխարհում: Մեր տղաներից մեկը ծոցատետրից թուղթ էր պոկում եւ բաժանում նրանց, դժվար էր պատկերացնել, որ աշխարհում կա մի վայր, որտեղ չգիտեն' ինչ բան է թուղթը (հուզվում է): Ես այդ թղթից ինքնաթիռ պատրաստեցի եւ նետեցի… այնպիսի իրարանցում առաջացավ, հավաքված երեխաներն իրար ձայն տվեցին, եւ ավելի քան հարյուր փոքրիկներ բոլորեցին մեր շուրջը' սպասելով, որ իրենց համար էլ թղթից ինքնաթիռ պատրաստենք: Ես երբեք չեմ մոռանա նրանց հայացքները' տխուր, պարզ ու միամիտ: Շատ ու շատ մարդիկ, անգամ մեծ գումարներ ունենալով, ամբողջ կյանքում չեն կարողանում նման մի երջանիկ պահ պարգեւել դիմացինին: Միայն այդ մի դրվագի համար արժեր խաղաղապահ դառնալ: Մենք մեր հողը պահել գիտենք ու հարկ եղած դեպքում արժանի հակահարված կտանք հակառակորդին, բայց եթե աշխարհի մեկ այլ ծայրում մեր կարիքը զգացվում է, եթե այսօր ի զորու ենք անգամ մեկ մարդու կյանք փրկել, մեկ երեխայի երջանկացնել, ուրեմն պետք է անենք:


կարդացեք այստեղ՝ http://www.hayzinvor.am/23613.html

 


ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ