Ուկրաինայում նախագահական ընտրություններում այլևս հաղթած թեկնածու Պյոտր Պորոշենկոն թերևս այդքան էլ փոխզիջման պատրաստ քաղաքական գործիչ չէ: Ընտրությունների արդյունքները հայտարարելուց ժամեր անց, վերջինս արդեն համագործակցության կոչ էր անում Ռուսաստանին' խոսելով տարբեր ձևաչափերի առկայության մասին: Այս մարդն այսօր շնորհավորանքներ է ստանում Արևմուտքի տարբեր երկրների ղեկավարներից, ովքեր հույս են հայտնում, որ տվյալ գործիչը կկարողանա «խաղաղարարի» դեր կատարել այդ եկրում տեղի ունեցող հակամարտության կոնտեքստում: Ինչպես երևում է, սակայն, Պորոշենկոյի առաջնորդած Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերություններն այդքան էլ հարթ չեն ընթանալու ինչքան որ ակնկալվում է:


Բանն այն է, որ Ուկրաինայի նորընտիր նախագահը, խոսելով իր առաջնահերթությունների մասին, հայտարարել է, որ դրանցից մեկը լինելու է Ղրիմի վերադարձը Ուկրաինայի կազմ: Վերջինիս համոզմամբ իրենք ունեն «որոշակի իրավական լծակներ», որոնք միջոցով կկարողանան պայքարել այդ երկրամասի վերամիավորման համար: Չեմ կարծում որ դժվար է պատկերացնել, որ նման տրամադրվածությունը բնավ չի կարող նպաստել Ուկրաինական հակամարտության ընդհանուր լուծմանը, և այս շրջանակներում նշենք, որ Ռուսաստանից դրան ի պատասխան արդեն իսկ հնչում են պաշտոնական արձագանքներ:


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռուսական լրատվական ծառայությանը» տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Ուկրաինայում նոր նախագահի ընտրվելուց հետո ևս Ղրիմը մնալու է Ռուսաստանի կազում: Վերջինս շեշտել է, որ Ղրիմը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության շրջան և հետևաբար խոսք անգամ չի կարող լինել դրա' Ուկրաինային միանալու մասին: Խնդրին անդրադարձել է նաև Պուտինի աշխատակազմի ղեկավար և Կրեմլի ամենաազդեցիկ դեմքերից մեկը' Սերգեյ Իվանովը: Վերջինս հավաստիացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ղրիմի' Ռուսաստանին միանալու վերաբերյալ պատասխան տալ դատարանում:


Վերջին շրջանում կարծես ոչ ոք, թե´ Ուկրաինայում, թե´ Արևմուտքում բացեիբաց չէր խոսում Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու մասին: Անկասկած ոչ ոք չէր էլ ճանաչում այդ մարզի' Ռուսաստանին միանալու փաստը, և անուղղակիորեն դատապարտում էին այդ հանգամանքը, բայց ամեն դեպքում համաձայնեք, որ վերջերս կարելի է ասել ստեղծվել էր այնպիսի տպավորություն, որ այդ խնդրի մասին այդքան չէր խոսվում: Այժմ, սակայն, Պորոշենկոն սկսում է կրկին արդիականացնել այդ խնդրի շուրջ խոսակցությունները:


Բանն այն է, որ այսօրվա դրությամբ Ուկրաինան դե ֆակտո կորցրել է Ղրիմը, սակայն, դեռ չի կորցրել երկրի հարավ-արևելքը, որի կորցնելու վտանգն ամեն դեպքում իրական է: Կարծում եմ, որ ավելի խելամիտ կլինի, եթե նորընտիր նախագահը փորձի հարցերը լուծել փուլ առ փուլ այլ ոչ թե թացն ու չորը խառնի իրար և արդյունքում չկարողանա համաձայնության գալ Ռուսաստանի հետ ոչ մի հարցում: Առաջին հերթին պետք է աշխատել, որպեսզի Դոնեցքում և Լուգանսկում դադարեցվի զինված ընդհարումը իշխանությունների և «ամստամբների» միջև: Այ դրանից հետո արդեն պետք է այնպիսի երաշխքիներ տրվեն ռուսախոս բնակչությանը, որպեսզի հետագայում նմանատիպ հակամարտությունների նպատակահարմարությունն ու իմաստը չեզոքանա և պահպանվի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Այլ կերպ ասած կարծում եմ ավելի նպատակահարմար կլինի խոսել Ղրիմի մասին, (դժվար է ասել այդ խոսելուց հետո ինչ-որ բան փոխվի, բայց ամեն դեպքում) երբ որոշակիորեն թուլանա ներկայիս լարվածությունը կողմերի միջև, հակառակ դեպքում հնարավոր չի լինի հաջողություն գրանցել ոչ մի ուղղությամբ ընդհանրապես:

 

Հայկ Թամրազյան