Ետխորհրդային տարածքում աշխարհաքաղաքական զարգացումները սրընթաց են զարգանում:Առայժմ՝ մոտ մեկ տարվա կտրվածքով, Ուկրաինան կհանդիսանա իրադարփությունների էպիկենտրոնը, ուր իրավիճակն այս ընթացքում շարունակաբար վատթարանալու է: Կիևյան իշխանությունների դիրքերը չեն ամրապնդվի անգամ այն դեպքում, եթե հաջողվի գլուխ բերել մայիսի քսանհինգին նշանակված նախագահական ընտրությունները՝ երկրի քաղաքացիներն արդեն սկսել են խմբավորվել ըստ իրենց վզին փաթաթված “յուրային-թշնամի” փոխադարձ անվստահությունը խորացնող կործանարար սկզբունքի, որի գործողության մեջ մտնելը մշտապես հանդիսանում է եղբայրասպան քաղաքացիական պատերազմի արդարացման ու ծավալման շարժիչ ուժը: Թաջիկստանին պատուհասած քաղաքացիական պատերազմի ժամանակ, ռուսական ռազմակայնի սպաները դրանում ներգրավված հակառակորդ կողմերին, սև հումորին բնորոշ դիպուկ դաժանությամբ, պայմանականորեն բաժանել էին “յուրչիկների” ու “վովչիկների”(ռուսական տարածված անունների՝ Յուրա և Վովա հապավված-քնքշական տարբերակներն են), այս արհամարհկոտ ձևով նկատել տալով բոլորին, որ սկզբունքային տարբերություն չեն տեսնում նրանց միջև: Հատկանշական է, որ այդ պայմանական տարբերկման համար ոչ թե թաջիկական, այլ հենց ռուսական անունների հապավումներն են օգտագործվել՝ դրանով անուղղակիորեն ընդգծվում էր, որ երկու կողմն էլ հավասարապես են կախված ռուսական բարեհաճությունից, բայց, նաև, որպես գործընկեր դիտարկվելու ոչ մի հավակնություն չպետք է ունենան: Ուկրաինայում գնալով աճում է զինված բախումների ու տարատեսակ սադրանքների արդյունքում զովածների թիվը, ինչը նշանակում է, որ երկրաչափական պրոգրեսիային համադրելի ծավալներով աճելու է նաև փոխադարձ անվստահությունն ու նոր բռնությունների դիմելու մարդկանց ներքին պատրաստակամությունը: Փորձեր կարվեն հակամարտության մեջ ակտիվորեն ներքաշել Ուկրաինայում բնակվող ազգային փոքրամասնություններին: Այս և մի շարք այլ նկատառումներից ելնելով, Հայաստանը շատ ուշադիր պետք է հետևի այդ երկրում ծավալվող զարգացումներին:

 

 

Արման Մելիքյան